Կոչ ենք անում լինել միասնական, պաշտպանել մեր հոգևոր ու ազգային արժեքները. ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

06 Նոյեմբերի 2025, 16:23

Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը հրապարակել է հոգևորականների համատեղ հայտարարությունը Եկեղեցու վրա ՀՀ իշխանությունների հարձակումների վերաբերյալ:

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում և խստորեն դատապարտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական, եկեղեցական-զավթողական և հակաեկեղեցական ընթացքը, մտացածին մեղադրանքներով հոգևորականների ապօրինի կալանավորումը և նրանց դիտավորյալ վարկաբեկումը, ինչպես նաև Հայ եկեղեցու պաշտպանության համար իրենց ձայնը բարձրացրած ազնիվ հայորդիների հետապնդումներն ու ձերբակալությունները:

Պետական գործիչների կողմից անպարկեշտ և անթույլատրելի բառապաշարով, ինչպես նաև կեղծ ու զրպարտիչ տեղեկատվության տարածմամբ ուղեկցվող այս ապազգային արշավը թունավորում է հասարակական գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը, երկպառակություն ու թշնամանք սերմանում, ինչը խիստ վտանգավոր է և կործանարար հայրենիքի համար:

Դիմում ենք մեր Եկեղեցու հավատավոր որդիներին՝ կոչ անելով լինել զգոն, չտրվել իշխանությունների սադրանքներին և չղեկավարվել հանրային տարածքում տարածվող չարամիտ ստով, քանի որ այն գարշելի է և Աստծո համար՝ մերժելի ու ատելի։

Կոչ ենք անում համազգային միասնականության, մեր հոգևոր և ազգային արժեքների պաշտպանության, Սուրբ Էջմիածնին հավատարմության և ժողովրդի կողմից ընտրված Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ հավատարիմ լինել ուխտին», — ասված է թեմի հայտարարության մեջ: