Ադրբեջանը կարողացավ արցախահայության անվտանգության հարցը հավասարեցնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցին. քաղտեխնոլոգ
26 Հուլիսի 2023, 16:00
Ադրբեջանը կարողացավ Արցախի 120 000 հայերի անվտանգության հարցը հավասարեցնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցին: Аlpha News-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Բաքուն ու Երեւանը փոխադարձության հիմքով պատրաստ են իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ տրամադրել»:
«Սա ամենակարեւորն էր Լավրովի հայտարարությանը մեջ, որովհետեւ ճանապարհը կարող է բացվել, այսօր, թե վաղը, կապ չունի, բայց Ալիեւը կարողացավ հայտարարության մեջ դնել այդ կետը, իսկ դա նշանակում է, որ դրա շուրջ բանակցային գործընթաց է սկսվելու, իսկ դուք պատկերացնում եք, որ եթե ադրբեջանցիները վերադառնան, ապա վերադառնալու են իրենց սերունդներով»,- ասաց Արմեն Բադալյանը:
Նա ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունը ոչ թե չի հասկանում, թե ինչ է բանակցում, այլ կատարում է այն ծրագիրը, ինչի համար իշխանության է բերվել 2018 թ.:
«Այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցում եւ Զանգեզուրի միջանցքի բացում: Ցանկացած գործոն, որը խանգարելու է սրանց, դրանք չեզոքացվելու են: Իրենց առաջ դրված է, որ իրականացնեն այդ ծեւագիրը, իրենք ոչնչի առջեւ չեն կանգնելու, իսկ Արցախ չլինելու դեպքում ռուսական գործոնը նվազելու է, միջանցքը բացվելու է ու Նախիջեւանից Սիսիանով մտնելու են Քարվաճառ, Մարտակերտ ու դուրս ես գալու Կասպից ծով, Կենտրոնական Ասիա, որն ունի նավթագազային ահռելի մեծ ռեսուրսներ, Ղազախստանը Ռուսաստանի հետ 1200 կմ չվերահսկվող սահման ունի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր կարելի է անել ու դրա համար պետք է ընդամենը 120 000 հայի հարց լուծեն: Արեւմտուտքը գլոբալ հարց է լուծում, իսկ դրան խանգարում են 120 000 հայ բնաչությունն ու ռուս խաղաղապահներրը: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ջղայնացած էր, ընդ որում՝ դա ոչ թե անձնական վերաբերմունք էր, այլ ուղղակի չի հաջողվում այդ ծրագիրը իրականություն դարձնել»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանը համոզված է՝ Արցախի ճակատագիրը կախված է ռուս-ուկրաինական պատերազմից:
«Ուկրաինայում հարցը լուծելուց հետո շատ մեծ է հավանականությունը, որ այստեղ նույնպես կմոտենան հարցի լուծմանը: Իսկ դա նշանակում է, որ սահմանների վերաձեւման հարց կառաջանա, որովհետեւ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ այս տարածաշրջանի սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գենշտաբում, 1921-23 թթ. քարտեզների անուններն էր տվել, իսկ եթե նայենք մինչեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ դառնալը, կտեսնենք, որ այնտեղ լրիվ այլ վարչական տարածքներ են եղել: Արցախը, անգամ ԼՂԻՄ-ը, Հայաստանի հետ ունեցել է աշխարհագրական սահման, հետագայում 1926 թ. Ադրբեջանը Լաչինի մասը կտրեց ու Արցախին մեկուսացրեց Հայաստանից, այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այսօր Հայաստանի իշխանությունը, քանի դեռ Ուկրաինայում հարցերը չեն լուծվել, վարչապետը չի կարող Արցախը տալ Ադրբեջանին, միայն սովի հարցն է, որ այսօր ճակատագրական է, այդ հարցը պետք է լուծել»,- ասաց նա:
Արմեն Բադալյանը չբացառեց, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմի ելքը դրական լինի Ռուսաստանի համար, ապա հնարավոր է Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի շրջանների վերադարձի հարցը բարձրանա: