Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները
16 Դեկտեմբերի 2025, 17:30
Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են փոխադարձաբար ճանաչել միմյանց վարորդական վկայականները։ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ հարցն առնչվում է երկու խումբ անձանց՝ ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող և բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող քաղաքացիներին։
«Ոչ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների պարագայում թեթև մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ տրված վարորդական վկայականներով իրենց օրինական գտնվելու ժամկետով փոխադարձաբար ճանաչում են միմյանց վարորդական վկայականները, և ԱՄԷ քաղաքացիները կարող են ազատ կերպով վարել ՀՀ տարածքում։
Մեր քաղաքացիների պարագայում օրինական գտնվելու ժամկետով ԱՄԷ-ում B կարգի (թեթև մարդատար ավտոմոբիլներ) և D1 կարգի (փոքր ավտոբուս՝ մինչև 16-տեղանոց տրանսպորտային միջոց) վարորդական վկայականներով կարող են ազատ երթևեկել։ Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայական տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրությամբ տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքին՝ B-ի պարագայում՝ 18 տարեկանը, D1-ի պարագայում՝ 21 տարեկանը»,-ասել է Ղազարյանը։
Իսկ եթե անձինք բնակության նպատակով, այսինքն՝ կացության կարգավիճակի ձեռք բերման հիմքով գտնվում են մեկը մյուսի տարածքում, ապա կարող են դիմել և վարորդական վկայական ստանալ՝ ազատված լինելով տեսական և գործնական քննություններից։