Մեղրիով անցնող ճանապարհը Ադրբեջանի սեփականությունն է․ Զուլֆուգարով

18 Դեկտեմբերի 2025, 20:30

Քաղաքականություն

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել այսպես կոչված «Թրամփի երթուղու» վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Մոսկվան անսպասելիորեն հայտարարել է, թե իբր Մեղրիով անցնող երկաթուղին պատկանում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը։

Նա մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինի վերջին հայտարարությունները, ըստ որոնց՝ ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին» ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, և որ «Թրամփի երթուղին» նույնպես ընդգրկվելու է այդ կոնցեսիայի մեջ։

Զուլֆուգարովը հիշեցրել է, որ տվյալ երկաթուղային գիծը փաստացի հանդիսանում է Ադրբեջանի սեփականությունը, իսկ դրա նկատմամբ իրավունքները ամրագրված են Ալմա-Աթայի հռչակագրին կից հավելվածներում։

«Ցանկանում եմ հիշեցնել թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմերին, որ այս երկաթուղին հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ-ի և նրա իրավահաջորդ՝ Ադրբեջանի Հանրապետության սեփականությունը։ Մեր սեփականության իրավունքները երաշխավորված են Ալմա-Աթայի հռչակագրի հավելվածներում։ Անօրինական կերպով զավթված գույքը չի կարող սեփականաշնորհվել Ռուսաստանի Դաշնության կողմից», -ընդգծել է Զուլֆուգարովը։