Ինչո՞վ է պայմանավորված բարձր տնտեսական ակտիվությունը
26 Դեկտեմբերի 2025, 18:00
Պաշտոնական վիճակագրության համաձայն տարեվերջին մոտենում ենք բարձր տնտեսական աճով։ Այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 8,3 %։ Սա բավական բարձր ցուցանիշ է։
Նշենք, որ նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճը կազմել է 0,5 %։ Շինարարությունն ամենաշատն է աճել՝ 20,1 %-ով։ Ծառայությունների աճը ևս երկնիշ է՝ 10,9 %: Առևտրի աճը 3 % է, արտաքին առևտրաշրջանառությունն անկումային է ՝- 33,2 %։ Ընդ որում, արտահանումն անկում է ապրել -40,6 %—ով, ներմուծումը՝ — 27,4 %։
Որքան էլ որ լավ է աճող ուղղություններում արձանագրված դրական վիճակագրությունը, սակայն դրանք ժամանակավոր գործոններ են, և փաստացի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը մեծապես շինարարության ու ծառայությունների աճերի վրա է խարսխված, ինչը նշանակում է, որ ՏԱՑ-ի երկարաժամկետ աճը ևս կայուն չէ։
Արդյունաբերության ծավալներն են վերջին ամիսներին վերականգնում ցույց տալիս, բայց դրա ենթաճյուղերում գրանցված տատանողական վիճակագրությունը խոսում է անկայունության մասին։ Հունվար-հոկտեմբերի վիճակագրությամբ հիմնային մետաղների կուտակային աճը բացասական էր, ինչը վկայում է վերաարտահանման գործոնի հետզտեհետ չեզոքացման մասին, սակայն պետք է նշել, որ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ անգամներով աճ կա։ Հետևաբար գուցե՞ մենք վերաարտահանման նոր ալիքի ներքո ենք։
Արտահանման անկման տեմպերը թեև կրճատվել են, բայց ներմուծման անկման տեմպի կրճատումն ավելի արագ է ընթանում, քան արտահանմանը, ինչը ենթադրում է արտահանման պոտենցիալի հետ կապված հնարավոր խնդիրներ։
Ամփոփելով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ, սակայն տնտեսական երկարաժամկետ աճի տեսանկյունից կայունության հետ կապված պահպանվում են մտահոգությունները։