Ավետիք Չալաբյան․ «Հայրենիքը վտանգված էր, ամեն ինչ թողեցի և վերադարձա». «Ալֆա զրուցակից»
25 Հունվարի 2026, 21:00
Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը «Ալֆա զրուցակից» փոդքասթի շրջանակում զրուցել է «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։
Զրույցի ընթացքում Ավետիք Չալաբյանը պատմել է մանկության տարիների մասին՝ ընդգծելով, թե ինչպես ֆիզիկոս ծնողների ազդեցությունն ու վաղ հասակից քաղաքականությամբ հետաքրքրությունը ձևավորեցին նրա աշխարհայացքը։ Նա անդրադարձել է նաև ՀՀՇ-ի կիսվելու գործընթացին և քաղաքականությունից ժամանակավորապես հեռանալու որոշմանը։
Չալաբյանը համեմատել է խորհրդային և անկախ Հայաստանի սուվերենության մակարդակները, ներկայացրել աշխարհաքաղաքական չորս բևեռների մրցակցությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։ «Եթե Գրենլանդիան հայտնվի ԱՄՆ-ի տիրապետության տակ, դա կփոխի աշխարհի պատմության տրամաբանությունը»,– նշել է նա։
Զրույցում նա անդրադարձել է Իրանի օրինակից բխող դասերին, հասարակության հասունության խնդրին, ինչպես նաև արժեքների հարցին՝ արդյոք մարդու կյանքն է բարձրագույն արժեք, թե ընտանիքը, հայրենիքը և հավատը։
Ավետիք Չալաբյանը խոսել է նաև Վրաստանի դիմադրության փորձի մասին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը պետք է ընտրի՝ հանձնվել կամ դիմադրել։ Նա ներկայացրել է բանակում առաջացած խնդիրների պատճառները: Փոդքաստի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե ինչու են մարդիկ հաճախ թողնում ֆիզիկան ու հաջողում այլ ոլորտներում։
Զրույցի ընթացքում Չալաբյանը պատմել է իր մասնագիտական ուղու մասին՝ տնտեսության նախարարությունում ամենաերիտասարդ վարչության ղեկավար դառնալուց մինչև ԱՄՆ մեկնելը հանուն սիրո, ապա Մոսկվայում McKinsey & Company-ում աշխատելը և մետալուրգիայի ոլորտում ամենահայտնի խորհրդատուներից մեկը դառնալը։
«Ամեն ինչ թողեցի և վերադարձա Հայաստան, քանի որ որոշեցի զբաղվել քաղաքականությամբ, հայրենիքը վտանգված էր»,– ասել է Ավետիք Չալաբյանը։
Նա անդրադարձել է նաև իր կալանավորմանը՝ բացատրելով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը նրան բանտարկեց, և արդյոք երբևէ փոշմանել է Հայաստան վերադառնալու համար։
Ապագայի մասին խոսելիս Ավետիք Չալաբյանը նշել է, որ իր առաքելությունը կատարված կհամարի միայն ժողովրդի մանդատի հիման վրա։ «Կախված ժողովրդի տված մանդատից պատրաստ եմ և վարչապետ դառնալ, և պաշտպանության նախարար, և պատգամավոր : Պատրաստ եմ նաև հեռավոր վանքում ճգնավոր դառնալ, եթե տեսնեմ որ այն ինչի համար պայքարել եմ, հաջողվել է»,– ընդգծել է նա։