Մոսկվայի «Տապան» թանգարանում կցուցադրվի «Շուշի․ անհերքելի փաստեր» ֆիլմը
06 Փետրվարի 2026, 10:00
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Լազարյանների անվան հայագիտության գիտահետազոտական կենտրոնը փետրվարի 7-ին կազմակերպելու է ռեժիսոր և պրոդյուսեր Գևորգ Տեր-Ղազարյանի «Շուշի․ անհերքելի փաստեր» ֆիլմի ցուցադրությունը։
«Արտ Արցախ» ստուդիան մոսկովյան «Տապան» թանգարանում հանդիսատեսին կներկայացնի փաստագրական ֆիլմ, որը նվիրված է Արցախի անկախության համար պայքարում զոհված հերոսների հիշատակին։ Լեռնային Ղարաբաղում 1920 թվականի մարտին, 2020 թվականի սեպտեմբերին և 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները կրկին հիշեցնում են անցյալի դաժան իրողությունները։
Արցախի խորհրդանիշ Շուշի քաղաքը հայտնվել է այդ ցնցումների կիզակետում, որոնք ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, ավարտվել են հայկական բնակչության զանգվածային արտագաղթով իր հազարամյա հայրենիքից։
Ֆիլմի նպատակն է ձևավորել անցյալի օբյեկտիվ պատկերը՝ հիշեցնելով միտումնավոր լռության մատնված փաստերի մասին և բացահայտելով Շուշիի պատմության շուրջ արհեստական խառնաշփոթն ու կեղծարարությունները։