Հոգևորականը՝ «մայորի» ուսադիրներո՞վ.հոգևոր «բարենորոգումը» հասավ բանակ. «Ուշադրությունից դուրս»
08 Փետրվարի 2026, 21:00
Անցյալ շաբաթ Պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում դադարեցվեց Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը։ Նոր հրամանի համաձայն՝ գնդերեցների հետագա գործունեությունը կազմակերպելու է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի (ԳՇ) բարոյահոգեբանական վարչությունը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԳՇ պետին հանձնարարել է եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ԶՈՒ-ում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով, ավագ սպայական «մայոր» ու «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար «ավագ գնդերեցի» և «գնդերեցի» ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ: Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ունենալու հանգամանքը։
AlphaNews-ի հետ զրույցում Տեր Պսակ քահանա Մկրտչյանը նշեց, որ սա դեմ է եկեղեցու սկզբունքներին. հոգևորականը չի կարող իր հոգևոր ծառայությունը համատեղել մայորի կամ կապիտանի կոչման հետ։
Հոգևորականների պարզաբանմամբ՝ շուրջ 29 տարվա ընթացքում գնդերեցները զինված ուժերում իրենց ծառայությամբ կանխել են բազմաթիվ ինքնասպանություններ։ Զինվորը հոգևորականի ներկայությամբ ավելի զուսպ է եղել, իսկ միջանձնային բազմաթիվ խնդիրներ հաջողվել է հարթել հենց գնդերեցների օգնությամբ։