Երևանը սիրո քաղաք է. ամերիկահայերի կարոտը՝ Կարինե Դուլյանի կտավներում
13 Փետրվարի 2026, 15:55
ԱՄՆ-ում արդեն չորրորդ տարին անընդմեջ իր աշխատանքներն է ներկայացնում ճարտարապետ և գեղանկարիչ Կարինե Դուլյանը: Այս տարի ցուցահանդեսը խորհրդանշականորեն համընկել է Սուրբ Վալենտինի տոնի հետ, ինչն էլ թելադրել է ներկայացված գործերի գլխավոր թեման՝ սերը:
Նկարչուհու կտավների առանցքում շարունակում է մնալ Երևանը՝ իր ջերմությամբ ու բակային տեսարաններով, որոնք սփյուռքահայերի համար յուրօրինակ կապող օղակ են հայրենիքի հետ։
«Իմ նկարները ժամանակի մեքենա են։ Մարդիկ դրանց մեջ նույնականացնում են իրենց բակերը, փողոցները: Ես առաջարկում եմ Երևանն ամբողջ աշխարհում հռչակել սիրո քաղաք։ Սիրո քաղաքը Փարիզը չէ, այլ Երևանը»,- նշում է Կարինե Դուլյանը:
Նկարչուհու խոսքով՝ այսօր մարդկությանը ոչ թե պարզապես գեղեցկություն, այլ բուժող արվեստ է պետք։
«Արվեստի ֆունկցիան մարդկանց դրական էմոցիաներ փոխանցելն ու նրանց խնդիրներից կտրելն է։ Այսօր աշխարհը գտնվում է քաոսային վիճակում, և արվեստը պետք է դառնա այն ուղին, որով մարդիկ կվերադառնան սիրուն ու կկապվեն իրար հետ»,-ասում է նկարչուհին:
Դուլյանը խորհուրդ է տալիս չկորցնել սեփական ձայնը շուկայական պահանջների մեջ. «Արվեստը պետք է լինի անկեղծ, այլ ոչ թե արվի միայն մոդայիկ լինելու կամ գումար վաստակելու համար»: