Միջազգային փորձագիտական եզրակացությունները հաստատում են՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը կեղծված է. Արսեն Բաբայան

20 Փետրվարի 2026, 12:38

Քաղաքականություն

Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը կեղծված են: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերից սկսված աշխատանքների արդյունքում արդեն ունեն երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները, երկրներ կան, որտեղից ևս սպասում են եզրակացությունների, բայց այդ երեքը բավարար են, որ խոսեն գործի մասին։

«Հիմա հաստատվեց, որ այդ տեսագրությունների բովանդակությունը կեղծված է, դրանք օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել՝ ինչպես առաջին իսկ օրվանից պնդում էր Արշակ Սրբազանը»,- ասել է Բաբայանը:

Նա տարօրինակ է համարել Քննչական կոմիտեի պնդումն այն մասին, թե փաստաբանի նշանակած փորձաքննությունն ապացուցողական նշանակություն չունի։

«ՔԿ-ն շատ տարօրինակ ու զարմանալի հայտարարություն է արել, թե Քրեական դատավարության օրենսգիրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննություններն ապացուցողական բնույթի նշանակություն չունեն։ ՔԿ-ն մի բան էլ խոսեց այն մասին, թե իբր իրենց կողմից նշանակած փորձաքննությամբ հաստատվել է՝ իբր տեսագրության մեջ առկա մարդը Արշակ Սրբազանն է։

Նախ շատ զարմանալի է, թե ինչու ՔԿ-ում չգիտեն, որ փաստաբանը կարող է փորձաքննություն նշանակել, Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ։ Ասել, թե Քրեական դատավարության օրենսգրքից դուրս իրականացրած փորձաքննություն է, ինձ համար անհասկանալի է։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կապ ունի օրենսգիրքը և վարույթը մեր կողմից նշանակված փորձաքննության հետ։ Որևէ առնչություն չունի։

Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ քրեադատավարական գործում որպես ապացույց ներկայացնենք։ Թեև իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանն ունի վկայի կարգավիճակ, բայց փաստացի ունի տուժողի կարգավիճակ»,- ընդգծել է փաստաբանը։

Արսեն Բաբայանի խոսքով՝ առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող՝ անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով հարուցված վարույթով։

«Սակայն Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարել է, որ ինքն առնչություն չունի տեսագրության ու դրա իրողությունների հետ, հետևաբար, չի կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքը խախտելու առումով։ Եթե ինքը չէ, ապա իր անձնական գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց հայտարարվեց, որ ինչ-որ մարդիկ այդ կեղծ տեսանյութերը տարածելով՝ փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի նկատմամբ և, հետևաբար, գործի քննությունը պետք է տարվի այդ ուղղությամբ, հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքն ու դրա տարածումը»,- նշեց Արսեն Բաբայանը։