ՀԷՑ-ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել․ Վարդան Ալոյան
28 Նոյեմբերի 2026, 13:26
Վերջին 10 տարիների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացված հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի արձանագրվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սամվել Կարապետյանի պաշտպան Վարդան Ալոյանը:
Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեն ընկերությունում տարիներ շարունակ ստուգումներ է իրականացրել, սակայն խախտումներ չի հայտնաբերել։
«200-ից 250 միլիարդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունում ութը տարի շարունակ ստուգումներ են իրականացրել ՊԵԿ-ից։ Պատկերացնո՞ւմ եք՝ ՊԵԿ-ն ինչպես է ստուգում իրականացնում։ Զրո դրամի խախտում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տիպի է այնտեղ ամեն ինչ ժամացույցի պես գնում, որ որևէ խախտում չլինի»,– նշել է Ալոյանը։