Արաղչին Պարսից ծոցի երկրներին խնդրել է ըմբռնումով մոտենալ Իրանի հարվածներին
01 Մարտի 2026, 20:40
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Պարսից ծոցի իր գործընկերներին խնդրել է ըմբռնումով մոտենալ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից հետո Թեհրանի պատասխան հարվածներին։ Նրա խոսքով՝ այս հարվածներն ուղղված են միայն ԱՄՆ ռազմակայանների և անձնակազմի դեմ։ Այս մասին նա ասել է Al Jazeera-ի հետ հարցազրույցում։
«Ես կցանկանայի, որ նրանք հասկանային, որ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, մեր մեղքով չէ», — ասել է Արաղչին։
Նա հավելել է, որ իր պաշտոնակիցները հիմնականում «գոհ չէին»։
Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ երկրի ռազմական ստորաբաժանումները «որոշ առումով մեկուսացված են և գործում են նախապես տրված ընդհանուր հրահանգների հիման վրա»։
«Ես խոսել եմ մեր ռազմական ղեկավարների և հրամանատարների հետ, որպեսզի նրանք զգույշ լինեն իրենց թիրախների ընտրության հարցում», — ասել է դիվանագետը։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը հարվածներ է հասցրել մերձավորարևելյան մի քանի երկրի, այդ թվում՝ Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Սակայն հարվածները հասել են նաև ռազմական օբյեկտներից դուրս գտնվող տարածքներին, այդ թվում՝ Բահրեյնում գտնվող հյուրանոցներից մեկին, Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Օմանը, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում միջնորդի դեր էր կատարում, հայտարարել է, որ Դուքմի նավահանգիստը գրոհի է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։