ՀԷՑ-ում այս 7 ամիսներին սպասարկման որակը վատացել է, համակարգային փոփոխություններ չեն արվել. Արշակյան

ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրեն Արմեն Արշակյանը Alpha News-ի հետ զրույցում պնդել է՝ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակվելուց հետո` այս յոթ ամիսների ընթացքում ընկերությունում սպասարկման որակը վատթարացել է:

«Կտրուկ վատթարացումը եղել է հենց այս յոթ ամիսների ընթացքում. շուրջ 40%-ով անջատումների քանակն ավելացել է: Սա շատ վատ ցուցանիշ է, ընդ որում՝ ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հանրապետության վրա է տարածվում: Օրինակ՝ Նոր տարուն «Էրեբունիի» էպոպեան իրենից շատ լուրջ վատթարացում էր ներկայացնում, բայց ժամանակավոր կառավարիչները փորձում էին շփոթության մատնել մեր հասարակությանն ասելով թե՝ «վթարային անջատումներն ավելացել են, բայց չէ որ նվազել է այդ վթարների շտկման ժամկետը»»,- ասել է Արմեն Արշակյանը:

Ըստ նրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի կողմից Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակելուց հետո ընկերությունում նաև համակարգային փոփոխություններ չեն արվել:

«Պաշտոնների են նշանակվել իրենց կուսակցության կողմից հովանավորվող մարդիկ, որոնք աշխատում են մեր դրած համակարգերով: Հասկանալի է, որ եթե նույն համակարգով աշխատում ես, ներդրում չես անում ու նաև մասնագիտական թուլություն ունես, բարելավման մասին խոսք լինել չի կարող….Մենք ստեղծել ենք այնպիսի համակարգ, որ նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում յոթ ամսվա ընթացքում չէր կարելի ընկերության ֆինանսական վիճակը այնպես վատթարացնել, որ խոսենք ճգնաժամի մասին: Այո, ընկերության վիճակը այս պահի դրությամբ կարելի է գնահատել կայուն, բայց արդյոք դա այս յոթ ամսվա ընթացքում ժամանակավոր կառավարչի ղեկավարման արդյո՞ւնք է, թե՞ տասը տարվա արդունք է: Իհարկե, հասկանալի է, որ դա երկարաժամկետ և ճիշտ աշխատանքի արդյունք է: Ես տեսնում եմ, որ պետության տենդենցները գնում են ներդրումային քաղաքականության վատթարացման, ընկերության ռեյտինգի նվազեցման: Ցավոք, տեսանելի ապագայում մենք կունենանք որոշակի խնդիրներ, ընդ որում՝ ոչ միայն էներգետիկայի ոլորտում, այլև տնտեսության, քանի որ ՀԷՑ-ի ազգայնացման մասին հայտարարությունից հետո միջազգային ռեյտինգային կազմակերպությունը միանգամից նվազեցրեց մեր ռեյտինգը, սա այն դեպքում, երբ մեր ընկերության ներդրումային ռեյտինգն ավելի բարձր էր, քան երկրի սուվերեն վարկանիշը: Դա այդ պահին ոչինչ չփոխեց, բայց ապագայում ընկերությունը զեղչերով կամ ավելի բարենպաստ տոկոսներով էլ չի կարող ներդրումներ գրավել միջազգային շուկայից: Եվ ընդհանրապես այն երկրում, որտեղ խոշորագույն ընկերությունը խլվում է, լուրջ ներդրողների համար ռիսկային է լինում տվյլալ երկրում ներդրում անելը»,- ընդգծել է Արմեն Արշակյանը:

2025 թվականի համար ՀԷՑ-ի հաստատված ներդրումների չափը կազմել է 47.6 միլիարդ դրամ: Փետրվարի 16-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ նախորդ տարի Հայաստանի էներգետիկ համակարգում արվել է 37 միլիարդի ներդրում: ՀԷՑ-ի բարձրաստիճան նախկին պաշտոնյան հստակեցրել է, որ նախատեսված 47.6 միլիարդ դրամից իրականացվել է ոչ թե 37 միլիարդը, այլ 26 միլիարդ դրամը:

«Սա ցածր ցուցանիշ է, վերջին հինգ տարվա ընթացքում մենք 35 միլիարդից պակաս ներդրում չենք արել, եղել են տարիներ, երբ ներդրումները գերազանցել են նույնիսկ 50 մլրդ դրամը: Իսկ այդ հնչեցված 37 միլիարդ դրամի ներդրումային ծրագիրը ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, ընկերության կողմից կա պաշտոնապես հրապարակված տեղեկատվություն՝ կատարված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Հուլիսին, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ժամանակավոր կառավարիչ, մեր ներդրումային ծարգիրն ամբողջովին հաստատված էր, բոլոր գնման գործընթացները կատարված էին, ավելին՝ պայմանագրերի 90% ստորագրված էր և ապրանքների 80% մատակարարված էր ընկերությանը: Եվ այս պայմաններում չկարողանալ ապահովել ներդրումների սահմանված մակարդակը, խոսում է կազմակերպչական ունակությունների բացակայության մասին, որը կունենա իր բացասական հետևանքները: Որովհետև առանց ներդրումների չես կարող ծառայությունների որակը լավացնել:

Բացի այդ, ըստ սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանության, եթե ներդրում չի արվում կամ քիչ է արվում, ապա հետագայում սակագնային մարժան նվազում է, իսկ դա նշանակում է, որ ընկերությունը ունակություն չի ունենա գեներացնել համապատասխան դրամական հոսքեր, որ կատարի նույն քանակի ներդրումներ և ապահովի նորմալ շահագործում»,- հավելել է Արմեն Արշակյանը: