ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ «արագ արձագանքման խմբի» վերաբերյալ Հայաստանի խնդրանքը

04 Մարտի 2026, 15:54

Քաղաքականություն

Հայաստանի դիմումը Եվրոպական միությանը՝ հիբրիդային հարձակումներին հակազդելու նպատակով «արագ արձագանքման խումբ» ուղարկելու վերաբերյալ, իրականում «Մոլդովայի սցենարի» ակնհայտ կիրառումն է Հայաստանի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսպես կոչված «արագ արձագանքման խումբը», ըստ էության, «Մոլդովայի սցենարի» ակնհայտ պրոյեկցիան է Հայաստանում»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ եվրոպացի փորձագետների ակտիվ ներգրավումը նախընտրական գործընթացներում «հազիվ թե նպաստի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը»։

Զախարովան նշել է, որ այդ տեղեկատվության տարածման հիմնական աղբյուրներից մեկը եղել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, որը, նրա պնդմամբ, կապ ունի արևմտյան հատուկ ծառայությունների և պետական կառույցների հետ։

Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչպե՞ս է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նամակը հայտնվել լրագրողների տրամադրության տակ։