Իրանին հարվածելու որոշումը վաղուց էր կայացված․ Ալեն Ղևոնդյան

Իրան, ԱՄՆ և Իսրայել հարաբերությունները շատ ավելի մեծ ռազմավարական խորք ունեն, քան այդ մասին հայտարարվում է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով վերջին օրերին այս երկրերի միջև պատերազմական իրավիճակին։

«Ես հակված եմ նրան, որ որոշումներն ընդունվում են ավելի շատ Թել Ավիվում, քան Վաշինգտոնում։ Հաշվի առնելով տարածաշրջանային ուժային բալանսը, որը գոյություն ուներ Սիրիայի հանձնումից հետո, Իսրայելն ուներ մտահոգություններ, ինչի մասին նա հայտարարել է։ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները երկակի բնույթ են կրում։ Դրան հիմա չանդրադառնանք, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ տեղի էր ունենում ուժային բալանսի փոփոխություն, և Սիրիան դառնում էր թուրքական պրոքսի։ Բայց այստեղ կա շատ ավելի խորքային իմաստ, դա մեծ Իսրայելի գաղափարն է, որով առաջնորդվում է նաև Իսրայելի գործող վարչապետը»,- նշել է Ղևոնդյանը։

Ինչ վերաբերում է Իսրայելի վարչապետի Բենյամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի հարաբերություններին, ըստ քաղաքագետի, դրանք խիստ անձնական հարաբերություններ են։

«Թրամփն իր տեսակով ավելի եսակենտրոն մարդ է։ Նրա կողմից ներկայացվող «խորքային պետության» ճյուղը ենթադրում է բազմամակարդակ շփումներ, բայց ինչպես տեսանք, Թրամփը հանուն Իսրայելի հարվածեց Իրանին։ Հիշո՞ւմ եք, թե Օմանի արտգործնախարարն ի՞նչ ասաց։ Ասաց՝ բանակցությունները գնում էին բավական արդյունավետ և այլն, և այլն։ Սակայն դրանք դեռ չավարտված, նրանք սկսեցին հարվածել Իրանին։ Այսինքն՝ որոշումը վաղուց էր կայացված։

Ակնհայտ էր, որ Մերձավոր Արևելքում օդային, ծովային և ցամաքային մակարդակներում այդքան ռազմատեխնիկական ներուժի կուտակումը չէր կարող մնալ առանց հետևանքների։ Իրանն էլ, հավանաբար, գիտակցում էր, որ եթե հնարավորություն լինի, բանակցություններն արդյունավետ կընթանան, իսկ եթե ոչ, իրենք պատրաստ են պատերազմի»,- եզրափակել է Ղևոնդյանը։