Հունաստանը կաթվածահար է համազգային գործադուլի պատճառով․ չեղարկվել են ավիաչվերթներն ու լաստանավային երթուղիները

25 Նոյեմբերի 2026, 20:37

Քաղաքականություն

Նոյեմբերի 25-ին Հունաստանում անցկացվում է համազգային 24-ժամյա գործադուլ՝ Պետական ծառայողների արհմիութենական կոնֆեդերացիայի (ADEDY) նախաձեռնությամբ։ Բողոքի ակցիային միացել են տրանսպորտի, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտների աշխատակիցներ։ Բողոքի ցույցեր և երթեր են նախատեսված երկրի ավելի քան 60 քաղաքներում, այդ թվում՝ Աթենքում, Սալոնիկում, Պիրեայում, Պատրայում և Հերակլիոնում։

Գործադուլավորների հիմնական պահանջներն են պետական ծառայողների 13-րդ և 14-րդ աշխատավարձերի վերականգնումը, գնողունակության անկման հետևանքով կրած կորուստների փոխհատուցումը և պետական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը։

Արհմիությունները նաև պահանջում են տարեկան 12 հազար եվրոյի չափով սահմանել եկամտային հարկից ազատված նվազագույն շեմը, վերացնել սննդամթերքի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), ինչպես նաև սահմանել բնակարանների վարձակալության առավելագույն սակագներ։

Գործադուլը լուրջ խափանումներ է առաջացրել երկրի տրանսպորտային համակարգում։ Նավաստիների մասնակցության պատճառով դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը հունական կղզիների հետ։ Խափանումներ են արձանագրվել նաև Ադրիատիկ ծովով իրականացվող միջազգային փոխադրումներում, մասնավորապես՝ Հունաստանի և Իտալիայի միջև լաստանավային հաղորդակցության ոլորտում։

«Aegean» և «Sky Express» ավիաընկերությունները չեղարկել են մի շարք ներքին չվերթներ։ Կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցվել է 15 տարածաշրջանային օդանավակայաններում, այդ թվում՝ Նաքսոս, Պարոս, Միլոս և Կարպատոս կղզիներում։

Աթենքում սահմանափակվել է մետրոյի և տրամվայի աշխատանքը․ դրանք գործում են միայն ժամը 09:00-ից մինչև 18:00-ը։ Միևնույն ժամանակ, ավտոբուսներն ու տրոլեյբուսները շարունակում են երթևեկել սովորական գրաֆիկով։