Ադրբեջանին ուղղված ցանկացած սպառնալիք կհանդիպի «Երկաթե բռունցքի»․ Ալիև

05 Մարտի 2026, 16:42

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և պահանջել է Իրանից պարզաբանումներ ու պաշտոնական ներողություն։ Նա ընդգծել է, որ Բաքուն մտադիր չէ հաշտվել երկրի դեմ իրականացված «անհիմն ահաբեկչական գործողության» հետ։

Ալիևը վստահեցրել է, որ իշխանությունները շարունակելու են ժողովրդին տեղեկացնել տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նա նշել է, որ պաշտպանության նախարարության հայտարարությունն արդեն հրապարակվել է մամուլում, և հավելել է, որ ցանկացած թշնամական ուժ, որը հանդես կգա Ադրբեջանի դեմ, կբախվի «Երկաթե բռունցքի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին։ ԱԹՍ-ներից մեկը ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։ Արդյունքում վնաս է հասցվել օդանավակայանի շենքին, ինչպես նաև վիրավորվել են երկու քաղաքացիական անձինք։