«Կապիտուլյացիան ներկայացնում են որպես խաղաղություն և վաճառում հասարակությանը»․ Ալեն Ղևոնդյան

06 Մարտի 2026, 22:15

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է վերջին սոցիոլոգիական հարցումներին և երկրում տիրող քաղաքական իրավիճակին՝ նշելով, որ հրապարակված թվերն ունեն «նկարչական դրսևորումներ», որոնց նպատակն է հանրության շրջանում ձևավորել անտարբերություն և սերմանել ընտրություններին չմասնակցելու մշակույթ։

Ըստ նրա՝ թեև հարցումներն իրականացնող ինստիտուտները տիրապետում են մեթոդաբանությանը, սակայն ներկայացվող արդյունքներում առկա են շեղումներ։

«Այդ հարցումները մարդկանց հիասթափեցնելու համար են։ Ուզում են ներշնչել, թե ամեն ինչ արդեն որոշված է, ռեյտինգը կա, իզուր մի պայքարեք։ Սա քարոզչական էլեմենտ է, որին ընդդիմությունը պետք է կարողանա հակազդել»,- նշել է Ղևոնդյանը։

Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու կարևորությանը՝ քաղաքագետը շեշտել է, որ հասարակությունը պետք է առաջնորդվի ոչ թե «լավագույն թեկնածուի» փնտրտուքով, այլ գործող իշխանությանը հեռացնելու գիտակցումով․ «Խնդիրը ոչ թե ընդդիմության լավագույն թեկնածու գտնելն է, այլ «կոնսենսուս մինուս մեկ» մոդելով շարժվելը։ Պետք է քվեարկել ընդդեմ, քանի որ նախ պետք է ազատվել ուռուցքի աղբյուրից, հետո փորձել պետությունը բերել գոնե զրոյական կետի։ Այս պահին մեր պետությունը զրոյական կետից էլ ներքև է»։

Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե իշխանության հավատարիմ ընտրազանգվածի, այլ հիասթափված ու անտարբեր մարդկանց վրա։ «Ներողամտությունը և սխալի ընդունումը ուժի նշան են»,- ընդգծել է նա։

Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը պրոֆեսիոնալ կերպով «վաճառում է» կապիտուլյացիան՝ որպես խաղաղություն։ Ընդդիմությունը պետք է կենցաղային մակարդակով բացատրի, որ նման ներկայացման հիմքում իրական երաշխիքներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։