Մեծ տերությունները պայքարում են էներգակիրների և հումքային ռեսուրսների վերահսկման համար. Կամենդատյան

09 Մարտի 2026, 20:00

Քաղաքականություն

ԱՄՆ-Իրան և Իսրայել-Իրան բախումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։ Նրա խոսքով՝ աշխարհը նախկինում էլ նման իրավիճակներ է ունեցել։

«Աշխարհի համար սա կարող է դառնալ սթրեսային շոկ։ 1979-1980-ականներին մենք արդեն ունեցել ենք նման իրավիճակ, բայց այն ժամանակվա քաղաքական իրողությունները և հնարավոր ռազմական հետևանքների ծավալները տարբեր էին»,- նշել է նա։

Կամանդատյանի գնահատմամբ՝ ներկայում աշխարհը գտնվում է տեխնոլոգիական զարգացման այնպիսի փուլում, երբ նույնիսկ նավթավերամշակող գործարանների աշխատանքի խափանումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ էներգակիրների շուկայի վրա։

«Միջազգային մեծ ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել էներգակիրների և հումքային ռեսուրսների նկատմամբ։ Սա իմպերիալիստական քաղաքականություն է»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ քաղաքականությունն ուղղված է հումքային մեծ ռեսուրսներ ունեցող երկրների նկատմամբ ազդեցություն հաստատելուն և նրանց էներգակիրների ու հազվագյուտ մետաղների պաշարների վերահսկմանը։

Տնտեսագետն անդրադարձել է նաև Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը՝ նշելով, որ առնվազն մոտակա օրերին լուրջ ռիսկեր չի տեսնում։ Նրա խոսքով՝ Հայաստանի էներգակիրների մատակարարումները հիմնականում իրականացվում են Բուլղարիայից, Ռումինիայից և Ռուսաստանի Դաշնությունից, և այս պահին լոգիստիկ կապերի վրա անմիջական վտանգ չկա, քանի որ ռազմական գործողությունները տեղի են ունենում տարածաշրջանի հարավում։ Մանրամասները՝ տեսանյութում: