Թեմի առաջնորդ և իմաստուն հոգևոր հայր․ այսօր արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի ծննդյան օրն է
30 Հոկտեմբերի 2026, 14:50
Այսօր ծննդյան տարեդարձն է նշում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։
Բազմաթիվ հայ հավատացյալների համար Սրբազանը պարզապես թեմի առաջնորդ չէ, այլ հոգևոր հովիվ, իմաստուն ուսուցիչ և խորհրդատու։
Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 30-ին, Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։ 2001 թվականի ապրիլից նա ղեկավարում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը՝ միաժամանակ հանդիսանալով Ռուսաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակը։
Այս տարիների ընթացքում արքեպիսկոպոսի ջանքերի և աշխատանքի շնորհիվ թեմի եկեղեցիների թիվը 8-ից հասել է 80-ի։ Թեմի աշխարհագրությունն ընդգրկում է լայն տարածք՝ Կալինինգրադից, որտեղ 2006 թվականին բացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, մինչև Պրիմորիեի երկրամաս, որտեղ 2018 թվականին հանդիսավորությամբ օծվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։
Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 17-ին Սրբազան Եզրասը անձամբ օծել է Իվանովո քաղաքում կառուցված նոր հայկական եկեղեցու խորանը, որը կրում է Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը։
2013 թվականին Մոսկվայում սկսել է գործել Հայկական տաճարային համալիրը, որը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի՝ հայրապետական պատվիրակի նստավայրն է։
Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնց թվում են՝ Պատվո շքանշանը, Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվացու III աստիճանի շքանշանը, Բարեկամության շքանշանը և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանը։