Մենք կտեսնենք այրվող Մերձավոր Արևելք. Մովսես Ղազարյան

11 Մարտի 2026, 21:15

Քաղաքականություն

Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը և դրա հետ կապված ռիսկերը հարևան տարածաշրջանների համար։

«Մերձավոր Արևելքում ընթացիկ հակամարտության ավարտի ժամկետները կանխատեսելը բավականին դժվար է, սակայն միանշանակ է, որ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում, իսկ գուցե և ավելի, ամենայն հավանականությամբ կշարունակվի հակամարտության թեժ փուլը, եթե միայն Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն չկարողանան հանգել հակամարտության սառեցման շուրջ որևէ դիվանագիտական լուծման»,- կարծում է փորձագետը։

Ըստ Ղազարյանի՝ իրադարձությունները կարող են զարգանալ երկու ուղղությամբ. «Ո՞ւր կարող է տանել այս իրավիճակը և, ընդհանուր առմամբ, որո՞նք են իրադարձությունների զարգացման տարբերակները: Կարծում եմ՝ պետք է ելնել նրանից, որ առաջին տարբերակը, որն իմ կարծիքով ամենահավանականն է, եթե չնվազեցվի հակամարտության սրությունը և հակամարտային պոտենցիալը, ամենայն հավանականությամբ մենք կտեսնենք ողջ Մերձավոր Արևելքի քաոսացում, ինչը սպառնում է տնտեսական կապերի թուլացմամբ, խնդիրների ստեղծմամբ բազմաթիվ տնտեսական նախագծերի համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

Եվ, ընդհանուր առմամբ, մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք հրդեհվող Մերձավոր Արևելք։ Եվ, իհարկե, դա շատ ուժգին և հիմնավոր կհարվածի մերձավորարևելյան գրեթե բոլոր պետություններին, Ծոցի թագավորություններին։

Տարբերակ երկրորդ. եթե տարածաշրջանում որոշակիորեն հայտնվի հակամարտության սառեցմանն ուղղված շատ ուժեղ դիվանագիտական նախաձեռնություն, մենք, հնարավոր է, տեսնենք հակամարտային պոտենցիալի աստիճանական մարում։ Սա չի նշանակում, որ Իսրայելի և Իրանի միջև հակասությունները կվերանան, բայց, ամենայն հավանականությամբ, շարժում կսկսվի ընթացիկ հակամարտության սառեցման ուղղությամբ»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Նա կարծում է, որ հակամարտությունը կարող է տարածվել այլ երկրներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս։

«Ամենայն հավանականությամբ, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ պոտենցիալ հակամարտային իրավիճակը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից, այսինքն՝ այս կամ այն չափով Իրանի շուրջ տարբեր ահաբեկչական խմբավորումների կամ կառույցների ակտիվացումը ռիսկեր կստեղծի Հարավային Կովկասի և Ռուսաստանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների ու տարածաշրջանից դուրս գտնվողների համար։ Մենք արդեն տեսել ենք տարբեր հարվածներ, օրինակ՝ Կիպրոսը և այլն։ Ես չեմ ասում, որ դա անպայման իրականացնելու է իրանական կողմը, բայց մենք գիտենք, որ տարբեր պրոքսի-կառույցներ երբեմն դուրս են գալիս իրենց համակարգողների և ղեկավարների վերահսկողությունից՝ ինչպես արևմտյան կողմից, այնպես էլ, օրինակ, իրանական»,- եզրափակել է քաղաքագետը։