Ադրբեջանցիները ՀՀ տարածքում բետոնե լայն ճանապարհներ, բունկերներ կառուցում. Արման Թաթոյան
«Գիտենք, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածքներ և ակնհայտ է, որ դուրս գալու մտադրություններ չունեն: Որքան էլ խոսեն դելիմիտացիայի, միջազգային սկզբունքների մասին, իրենց գործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Նրանք ամրացած են Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքներում:
Օրինակ, ես 2-3 ամիս առաջ էի Սյունիքի մարզում և 10 օր առաջ էի գնացել, տարբերությունն ակնհայտ է, թե ինչպես են նրանք ամրանում Հայաստանի ինքնիշխան տարածքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա հաղորդմամբ՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում դիրքեր են դրել ադրբեջանցիները, մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էին կառուցել, մի քանի ամիս հետո արդեն մեծ շինություններ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ:
«Նույնը մենք արձանագրել էինք սեպտեմբերի 13-14-ից հետո Ջերմուկի տարածաշրջանում, մի քանի ամիս հետո անգամ բետոնե լայն ճանապարհներ էին կառուցում, բունկերներ և այլն»,-նշել է Թաթոյանը:
Նա նաև խոսել է տեղի բնակչությանը շարունակաբար հասցվող վնասների մասին.
«Մարդկանց զրկում են ջրից, աղբյուրները հատուկ զավթում են, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավայրերը: Ամեն մետր հողի հետևում կանգնած են մարդիկ, ընտանիք, մարդկային ճակատագրեր»: