Եվրամիության «գաղթակղիչ կոնֆետը»՝ ՀՀ քաղաքացիների համար. Ալեքսեյ Անպիլոգով

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների խոսքերն այն մասին, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը Հայաստանի համար իրականություն կդառնա առաջիկա տարիներին։

«Հասկանալի է, որ Եվրահանձնաժողովի հայտարարությունը քաղաքական բնույթ է կրում, և այն նպատակ ունի ազդել Հայաստանում հասարակական կարծիքի վրա ու ստեղծել տպավորություն, թե Հայաստանը բավականաչափ ինտեգրվում է Եվրոպական միության կառույցներին։ Գործնականում դա, ընդհանուր առմամբ, այդպես չէ։ Իրոք, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի փորձը, կարելի է ինտեգրել սեփական բնակչությանը, բայց միայն որպես աշխատուժ, ընդ որում, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունում բավականին պարզ, ցածր վարձատրվող և ոչ հեղինակավոր աշխատանքների համար։ Հենց սա է այն «կոնֆետը», որը Եվրամիությունն օգտագործում է Հայաստանի քաղաքացիներին գայթակղելու համար:

Իհարկե, Հայաստանի համար սա էլ ավելի մեծ լարվածություն է առաջացնում աշխատաշուկայում։ Եվ այստեղ հարցեր են առաջանում թե՛ սոցիալական ապահովության, թե՛ կենսաթոշակային հիմնադրամի հետ կապված, որովհետև փաստացի այդ մարդիկ, եթե աշխատեն Եվրամիությունում, ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ վճարելու են հարկերի մեծ մասը։ Իսկ հեռանկարում՝ ստանալ կացության թույլտվություն, իսկ հետո՝ քաղաքացիություն։ Ուստի սա է այն հիմնական մտահղացումը, որը դրվում է նմանատիպ հայտարարությունների հիմքում»,-կարծում է Անպիլոգովը։

Alpha News-ի զրուցակիցը զգուշացնում է հայերին Եվրամիությանն անդամակցելու թվացյալ օգուտների մասին և համարում է, որ այդ օգուտը կվերածվի անհաղթահարելի դժվարությունների։

«Անկասկած, նույնպիսի կաշառք տրվել է նաև Ուկրաինայի բնակչությանը, որպես օրինակ, որը նույնպես քվեարկում էր առանց վիզայի ռեժիմի օգտին։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր ոք, ով դիտարկում է առանց վիզայի ռեժիմը, այն կիրառում է իր վրա և կարծում, թե ինքը հաջողակ կլինի, կհասնի ամեն ինչի, այդ առանց վիզայի ռեժիմի շնորհիվ կստանա ինչ-որ բավականին հեղինակավոր օրինական կարգավիճակ Եվրամիությունում։

Փաստացի դա հնարավորություն է տալիս անել միայն առաջին քայլը, և, ամենայն հավանականությամբ, հայ բնակչության, Հայաստանի քաղաքացիների նատուրալիզացիան Եվրամիությունում կլինի նույնքան ցավոտ, նույնքան տևական և կապված բազմաթիվ դժվարությունների հետ, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, ուկրաինացիների դեպքում, որոնք սկզբում նույնիսկ բախվելով իրենց հանդեպ որոշակի «հատուկ» վերաբերմունքի, ներկա պահին մեծամասամբ արդեն հասկանում են «եվրոպական երազանքի» ողջ արժեքը։ Եվ այդ երազանքը մարդու վրա շատ ավելի թանկ է նստում, քան պարզապես տեղափոխվելն ու նոր միջավայրում հաստատվելը։ Մարդիկ տասնամյակներ են կորցնում, որպեսզի երբեմն ստանան նույնպիսի կարգավիճակ, որն ունեին հայրենիքում, բայց վերադարձ սովորաբար արդեն չկա։ Եվ այդ պատճառով նրանք ստիպված են լինում պայքարել մինչև վերջ»,-եզրափակել է քաղաքագետը։