Երուսաղեմում ռումբի բեկորները հասել են նաև հայկական թաղամասի հարակից տարածքներ. Կիրակոսյան
18 Մարտի 2026, 13:00
Երուսաղեմում վերջին օրերին արձանագրված պայթյունների հետևանքով ռումբերի բեկորներ են ընկել նաև հայկական թաղամասի հարակից տարածքներում։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ հիմնականում փոքր բեկորներ են ընկել վանքերի տանիքների վրա, սակայն եղել են նաև խոշոր կտորներ։
«Փոքր բեկորներ էին, որոնք տարածվել էին վանքի տանիքների վրա, բայց մի մեծ կտոր ընկել էր հայկական թաղամասի վերջնամասում՝ հայ և հրեական թաղերի սահմանագծին, իսկ մեկ այլ մեծ բեկոր էլ՝ հունական վանքի տարածքում»,- նշել է Կիրակոսյանը։
Նա ընդգծել է, որ հայկական թաղամասը գտնվում է հունական վանքի և հրեական թաղամասի միջև, ինչի հետևանքով միայն բեկորների փոքր մասն է հասել հայկական հատված։
Կիրակոսյանը նաև անդրադարձել է վերջերս տեղի ունեցած մի միջադեպի՝ նշելով, որ ծայրահեղական հրեական խմբի ներկայացուցիչներից մեկը փորձել է սադրանք իրականացնել հայկական տարածքում։
«Մեկը մոտեցավ և փորձեց սադրանք անել «Կովերի պարտեզի» տարածքում, սակայն դա նրան չհաջողվեց։ Ոստիկանները արագ արձագանքեցին, և միջադեպը կանխվեց»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ հաջորդ օրը նույն անձը փորձել է իրավիճակը ներկայացնել այլ կերպ՝ հանրային տարածքում հայտարարելով, թե իրեն վտանգ է սպառնացել։ Սակայն, ինչպես պնդում է Կիրակոսյանը, իրականությունն այլ է եղել։
«Մենք ունենք տեսագրություններ և փաստեր, որոնք ցույց են տալիս, որ նրա ասածները չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է համայնքի ներկայացուցիչը։