ԱՄՆ-ի շահերից է բխում հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ հակամարտությունը. Ալեքսեյ Խլեբնիկով
18 Մարտի 2026, 21:40
Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով փորձագետ Ալեքսեյ Խլեբնիկովը «Հակամարտությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. էսկալացիայի գործոններ և տրանսֆորմացիայի հետագծեր» համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Ելնելով նրանից, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, այսինքն՝ ամերիկա-իսրայելական գործողություններն ընդդեմ Իրանի, դեռ որոշ ժամանակ դա կշարունակվի: Այստեղ կան մի քանի կարևոր պահեր: Առաջինը՝ ԱՄՆ-ի շահերից է բխում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելը, քանի որ Թրամփը պետք է հայտարարի հաղթանակի մասին: Բացի այդ, արդեն ընթանում են միջանկյալ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք տեղի կունենան այս տարվա նոյեմբերին: Հետևաբար, հակամարտությունը ձգձգելը և արդյունքներ չունենալը ամերիկացիների համար նույնպես ձեռնտու չէ:
Այս առումով Իրանը, թերևս, շահագրգռված է հակամարտությունը երկարաձգելու մեջ, որպեսզի ավելացնի ճնշումն ու ազդեցությունը Ամերիկայի դաշնակիցների վրա և այդպիսով նրանց միջոցով ուժեղացնի ԱՄՆ-ի նկատմամբ գործադրվող ճնշումը: Դրանով մասամբ կարելի բացատրել նաև Իրանի հարվածները ԱՄՆ-ի դաշնակիցներին՝ Ծոցի երկրներին»,- ասել է Խլեբնիկովը: