Իրանում նոր նշանակումը կարող է ուժեղացնել պահպանողական թևի դիրքերը. Վարդանյան

18 Մարտի 2026, 17:44

Քաղաքականություն

Իրանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի նոր նշանակման հարցը շարունակում է մնալ անորոշ։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին նշել է իրանագետ Ժաննա Վարդանյանն՝ ընդգծելով, որ այս փուլում դժվար է կանխատեսել, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը։

Նրա խոսքով՝ թեկնածուներ, իհարկե, կան, սակայն վերջնական որոշումը կախված է մի շարք գործոններից, հատկապես՝ պատերազմական իրավիճակից։

«Դժվար է ասել, թե ով կարող է լինել հաջորդ քարտուղարը։ Կան մարդիկ, որոնք կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, օրինակ՝ Սայիդ Ջալիլին կամ նախկին քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, բայց դրանք զուտ հավանական տարբերակներ են»,- նշել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ նշանակումը կարող է ազդել նաև Իրանի ներքաղաքական բալանսի վրա՝ կախված նրանից, թե որ հոսանքին պատկանող գործիչ կընտրվի։ Վարդանյանի գնահատմամբ՝ Լարիջանիի բացակայությունը կարող է հանգեցնել պահպանողական և ուժային թևի դիրքերի ամրապնդմանը։

«Լարիջանին ավելի պրագմատիկ գործիչ էր և ուներ զսպող, հավասարակշռող դերակատարում։ Նա կարողանում էր երկխոսել տարբեր թևերի, ինչպես նաև Արևմուտքի հետ»,- ասել է նա։

Իրանագետի խոսքով՝ եթե պաշտոնում նշանակվի առավել կոշտ, պահպանողական գործիչ, ապա քաղաքական գիծը կարող է ավելի կոշտանալ։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի պետական համակարգը բավականին կայուն է և շարունակում է գործել անկախ կոնկրետ պաշտոնյաներից։

Հիմա եթերում