«Ծաղկազարդ» 4-րդ փառատոնը՝ Լոս Անջելեսում. հայ մնալու և հայրենիքին օգնելու գիտակցված առաքելություն
25 Մարտի 2026, 16:10
44-օրյա պատերազմից հետո Լոս Անջելեսում անցկացվում է «Ծաղկազարդ» մանկական փառատոնը, որի նպատակն է սփյուռքի երեխաներին ու երիտասարդներին ծանոթացնել հայկական մշակույթին և ամրապնդել կապը հայրենիքի հետ։
Փառատոնի համահիմնադիր Նանե Ավագյանը Alpha News-ի եթերում ներկայացրել է նախաձեռնության առաքելությունը՝ նշելով, որ այն կոչված է հաղթահարելու ազգային ինքնության ճգնաժամը:
Նանե Ավագյանի խոսքով՝ Սփյուռքում հայ մնալը պահանջում է ամենօրյա գիտակցված աշխատանք. «Մենք որոշեցինք, որ սա պետք է լինի մեր ներդրումը ազգային ինքնության պահպանման գործում։ Կարծում ենք, որ մանկուց անհրաժեշտ է սերմանել սերը հայկականի, ազգայինի ու ինքնության հանդեպ։ Մեր նպատակն է երեխաների և պատանիների մեջ զարգացնել պատասխանատվության զգացում՝ հայրենիքի ու ինքնության նկատմամբ»:
«Ծաղկազարդ» 4-րդ փառատոնը, որը մեկ հարթակում կմիավորի արվեստը, եկեղեցական ավանդույթներն ու կրթությունը, այս տարի ևս կառանձնանա իր բացառիկ ձևաչափով․ բեմում կհնչի միայն հայկական դասական և ժողովրդական երաժշտություն՝ երեխաների կատարմամբ։ Այգում կտեղադրվեն տասնյակ տաղավարներ, որտեղ պատանիները կկարողանան գործնականում ծանոթանալ հայկական մշակույթին, իսկ երեխաները հնարավորություն կունենան մասնակցել գորգագործության գործընթացին՝ իրենց ձեռքով հանգույցներ ավելացնելով։
Նանե Ավագյանն անդրադարձել է նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներին։ «Այսօրվա գործընթացները չեն կարող խզել այն կապը, որը գոյություն ունի հայերի միջև։ Դա դարավոր և աստվածային կապ է, որը հնարավոր չէ կտրել։ Մենք որոշեցինք մշակույթի միջոցով արթուն պահել այդ կապը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: