Կնոջ հետ այդպես խոսել չի կարելի. Դմիտրի Սոլոննիկովը՝ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաղաքագետ և քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրողների հետ սկանդալային շփմանը։

«Եթե քաղաքական գործիչն իջնում է մետրո, մտնում է հասարակական տրանսպորտ կամ պարզապես շփվում է մարդկանց հետ փողոցում, նա պետք է պատրաստ լինի, որ կլինեն ոչ հաճելի հարցեր, կլինեն կոշտ պատասխաններ իր թեզերին։ Նա պետք է կարողանա դիմանալ այդ ճնշմանը, և նրա հետ պետք է աշխատեն հոգեբաններն ու քաղաքական տեխնոլոգները։ Ընդհանրապես, տեխնոլոգիան ինքնին նորմալ է աշխատում։ Բայց, դատելով այն ամենից, ինչ մենք տեսանք, այստեղ ընտրական շտաբի կողմից լուրջ թերացումներ կան։ Այնտեղ, ինչպես դասականն էր ասում՝ «ավելի հստակ պետք է աշխատել, ընկերներ, ավելի հստակ»»,-ընդգծել է Սոլոննիկովը։

Քաղաքական տեխնոլոգի կարծիքով՝ այս համակարգային սխալը լուրջ հարված կհասցնի Փաշինյանի կերպարին առաջիկա ընտրություններում։

«Այո, իհարկե, դրանք բավականին կոշտ կադրեր են։ Տեսանելի է, որ նա պատրաստ չէ պատասխանել այն մարտահրավերներին, որոնք իր առջև դնում է հայկական հասարակության զգալի հատվածը։ Իսկ կնոջ հետ այդպես խոսել ընդհանրապես չի կարելի։ Պետք է կարողանալ շահել մարդկանց համակրանքը։ Քաղաքական գործիչը պետք է ժպտա, խոսի մարդկանց հետ հարգանքով, դրական տոնով, առավել ևս՝ չմեղադրի իր զրուցակցին ինչ-որ բանի մեջ։ Այսինքն՝ այստեղ կա մի ամբողջ շարք սխալներ՝ թե՛ հոգեբանական, թե՛ կազմակերպչական, և թե՛ բառապաշարի ճիշտ կառուցման տեսանկյունից։ Հետևաբար, այս բացասական տեսանյութը և ընդհանուր առմամբ այս ամբողջ տեղեկատվության տարածումը հիմա աշխատում է նրա դեմ և կհանգեցնի նրա կուսակցության և անձամբ իր վարկանիշի անկմանը»,- եզրափակել է փորձագետը։