Ֆուտբոլային տոն Լոս Անջելեսում. AFL-ն ամփոփել է առաջին մրցաշրջանը

27 Մարտի 2026, 12:20

Սպորտ

Լոս Անջելեսում ավարտվել է «Amateur Football League» (AFL) սիրողական ֆուտբոլային լիգայի առաջին երկարաժամկետ մրցաշրջանը։ Չորս ամիս տևած մրցաշարը դարձել է կարևոր իրադարձություն քաղաքի մարզասերների համար՝ ամրապնդելով AFL-ի տեղը համայնքի սպորտային կյանքում։

Այս ընթացքում մարզասերները վայելել են լարված ու հետաքրքիր խաղեր։ Մրցաշարն ամփոփվել է երեք եզրափակիչ հանդիպումներով, որտեղ հայկական և միջազգային թիմերը ցուցադրել են բարձրակարգ ու էմոցիոնալ ֆուտբոլ։

Լիգայի համահիմնադիր Հարություն Հախվերդյանը, խոսելով մրցաշարի հաջողության մասին, նշել է, որ նախագծի մեկնարկը գերազանցել է բոլոր սպասումները: Չնայած սկզբնական շրջանում նախատեսված էր ունենալ ընդամենը 12 թիմ, հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում, ըստ նրա, հայտերը լրացվել են, և կազմակերպիչները ստիպված են եղել ընդլայնել լիգան մինչև 24 թիմ:

«Մեր հիմնական նպատակն է համախմբել այն մարդկանց, որոնք սիրում են ֆուտբոլը և ցանկանում են կրկին ապրել այդ էմոցիաներով: Մենք փորձում ենք ներգրավել նրանց, ովքեր գուցե ժամանակից շուտ թողել են պրոֆեսիոնալ սպորտը, բայց նրանց մեջ այդ կրակը դեռ չի մարել»,- նշել է Հախվերդյանը՝ հավելելով, որ լիգան դարձել է յուրօրինակ հարթակ, որտեղ մասնակիցները նորից իրենց ֆուտբոլիստ են զգում։

Լոս Անջելեսում AFL-ի առաջին մրցաշրջանի կազմակերպումը հեշտ գործ չէր, հատկապես երբ խոսքը վերաբերում էր համապատասխան մարզադաշտեր գտնելուն: Քաղաքում ֆուտբոլասերների մեծ թվին զուգահեռ՝ խաղահրապարակների պակասը մշտական խնդիր է: Այնուամենայնիվ, AFL-ի թիմին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել լավագույն տարածքների սեփականատերերի հետ, այդ թվում՝ «Americana-ի rooftop»-ում գտնվող նոր դաշտի օգտագործման հետ կապված, որն էլ հնարավոր է դարձրել առաջին մրցաշրջանի անցկացումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում