ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները հետևանքներ ունեն երկրի տնտեսության համար. Ազա Միհրանյան

30 Մարտի 2026, 12:00

Քաղաքականություն

ՌԴ ԳԱ Ե․Մ․ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին, ինչպես նաև Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման և դեպի Եվրամիություն անդամակցությանն ուղղված կուրսի տնտեսական հետևանքներին։

«Հայաստանի տնտեսությունը բավականին բարձր աճի տեմպեր է արձանագրում։ Եթե խոսենք տարեկան ՀՆԱ-ի աճի ընդհանուր ծավալի մասին, ապա օպերատիվ տվյալներով այն գերազանցում է 5%-ը։ Սա, ընդհանուր առմամբ, լավ դիրք է, սակայն այստեղ հարկ է նշել աճի անհամաչափությունը։

2025 թվականին նկատվում են ցիկլայնության բավականին բարձր բնութագրեր. տարեսկզբին աճի տեմպը կտրուկ նվազում է, իսկ այնուհետև որոշակի ծավալ է հավաքվում։ Եթե ավելի խորը դիտարկենք Հայաստանի տնտեսական աճի բնութագրերը, ապա 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված է ավանդական գործոններով, որոնցից առանձնանում է գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության բարձր մակարդակը՝ շուրջ 6%, այսինքն՝ առաջանցիկ աճ»,- ասել է նա։

Միհրանյանի խոսքով՝ տնտեսության մեջ մեծ կշիռ ունի անշարժ գույքի շուկան՝ առքուվաճառքի ոլորտը։ «Շինարարության վիճակագրության համաձայն՝ ցուցանիշները նույնպես բարձր են՝ ընդհանուր առմամբ մոտ 11%։ Ամենամեծ ազդեությունն այժմ նկատվում է ծառայությունների ոլորտի աճի ֆոնին, հատկապես ֆինանսների բնագավառում։

Համապատասխանաբար, մեզ մոտ ձևավորվում է մի իրավիճակ, որը բնութագրում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային շեղումը դեպի սպասարկման ոլորտներ։ Սա արտացոլում է մոտ 5 տարի առաջ Հայաստանի իշխանությունների կողմից տնտեսական աճի հիմնական ուղղությունների վերաբերյալ հնչեցրած և ներկայացրած ռազմավարությունը։

Միակ բանը, որ կարելի է հստակեցնել այս ռազմավարության իրականացման ձևաչափում, այն է, որ տրանսպորտային բաղադրիչի՝ որպես տարանցիկ տարածքի առաջանցիկ աճի տեմպերի հույսերը դեռևս մնում են սոսկ ցանկություններ։ Արդյունաբերական աճի ձևավորման, արդյունաբերական հատվածի զարգացման և վերամշակման խորացման հետ կապված հարցերը նույնպես մնում են նախկին մակարդակին։

Եթե դիտարկում ենք մշակող արդյունաբերությունը, ապա այս տարի այն նվազեցրել է աճի տեմպերը»,- ասել է Ազա Միհրանյանը՝ հավելելով, որ նախկինում տեմպերը շատ ավելի բարձր էին, իսկ այժմ նկատվում է 10% անկում։

Այս ամենն, ըստ Միհրանյանի, վկայում է այն մասին, որ կենսամակարդակի, տնտեսական աճի որակի և այդ աճի երկարաժամկետ ավանդի հարցերն այսօրվա դրությամբ այլ որակական պարամետրերով հաստատում չեն գտնում։

«Կարելի է ենթադրել, որ հետագայում մենք տեսնելու ենք ծառայությունների ոլորտի ընդլայնում։ Բացի ֆինանսական ծառայություններից, թվայնացումից և ֆինանսական տեխնոլոգիաներից (ֆինտեխ), հնարավոր է այնպիսի գործունեության տեսակների որոշակի ընդլայնում, ինչպիսիք են ստեղծարար տնտեսությունը և թվային ծառայությունների ներդրումն առօրյա կյանքում՝ որպես մշտական ծառայություն։

Բայց, ցավոք, ՏՏ ոլորտի զարգացումը՝ որպես արտահանման բազա, որը կարող էր Հայաստանում «Սիլիկոնյան հովտի» նմանօրինակը ձևավորել և նպաստել նոր տեխնոլոգիական հատվածի ստեղծմանը, մենք դեռևս չենք տեսնում, քանի որ այս ոլորտում առկա է շատ բարձր մրցակցություն։ Շուկան արդեն բավականին խիստ է բաշխված»,- ասել է Ազա Միհրանյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում ներքին պահանջարկը սեղմվում է բարձր գնաճի, հարկային բարեփոխումներից հետո բնակչության եկամուտների փոփոխության պատճառով, ինչը կրճատում է գործարար ակտիվությունը, ինչպես նաև արտաքին սպառողների (ռելոկանտների) հեռանալու և կրճատման պատճառով, ինչպես դա տեղի էր ունենում 2022-2023 թվականներին։

Նա ընդգծել է, որ տնտեսության կայուն աճի համար անհրաժեշտ է ապահովել բեկումնային ելք դեպի արտաքին տարածաշրջանային և համաշխարհային շուկաներ։ «Դրա համար պետք է լինի ինտեգրացիոն համագործակցություն, ինչը մենք դեռ չենք տեսնում և ինչի համար հիմքեր չկան։ Նաև չի կարելի խոսել ներքին պահանջարկի ավելացման աղբյուրների առկայության մասին, քանի որ բնակչության եկամուտները չեն աճում այնպիսի տեմպերով, որոնք կխթանեին նման պահանջարկը»,- նշել է Ազա Միհրանյանը: