18-ամյա Դավիթի դասընկերներն ակցիա են իրականացնում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ

02 Ապրիլի 2026, 18:34

Քաղաքականություն

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։

«Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունն ուշադիր լինի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, և կալանքի որոշումը փոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթի դասընկերներից Հենրի Էլբակյանը։

Դասընկերները շեշտեցին՝ այս ակցիան որևէ քաղաքական նպատակ չունի, Դավիթն էլ երբևէ քաղաքականացված անձնավորություն չի եղել։

Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից, հավաքվածներից մեկը վրդովված դիմեց թիկնապահին. «Տենց չնայես ինձ»։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց, որոնցից 2–ը երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն էին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապրիլի 1–ին որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին։