Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում կատարվել է ոտնլվայի կարգ

03 Ապրիլի 2026, 20:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում նշվել է Ավագ հինգշաբթին։ Հոգևոր հովիվներ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը և Տեր Ղևոնդ քահանա Թեմկինը կատարել են յուղի օրհնություն և ոտնլվայի խորհրդանշական կարգ։ Օրհնված յուղն, ըստ ավանդույթի, բաժանվել է բոլոր հավատացյալներին։

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից:

 Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում: Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Ավագ հինգշաբթիի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ երեկոյան կատարվում է ոտնլվայի խորհրդանշական կարգը։