Ռուսաստանին որպես դաշնակից կորցնելը կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար․ Դմիտրի Սուսլով

Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների տարբեր կողմերին։

«Նախընտրական իրավիճակում տարօրինակ կլիներ Փաշինյանից այլ գնահատական սպասել բանակցությունների վերաբերյալ։ Նրա համար այս այցը նախընտրական բնույթ ուներ, և նա հայտարարեց, որ հասել է հաջողության։ Սակայն դրանք հաջող կարելի է համարել միայն այն առումով, որ բացահայտ ու անկեղծ կերպով բարձրաձայնվեցին հայ-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը։ Ռուսաստանը հստակ ցույց տվեց՝ ներկայիս ստատուս-քվոն իրեն չի բավարարում, և Հայաստանը պետք է հստակեցնի հարաբերությունների ձևաչափը։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է Եվրամիությանը միանալու ռազմավարական նպատակ և քայլ առ քայլ կրճատում է կապերը Ռուսաստանի հետ՝ պահպանելով դրանք միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է։ Հենց սա էլ հնչեց բանակցությունների ընթացքում»,- ընդգծել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը փաստացի շարժվում է մոլդովական կամ ուկրաինական սցենարով, ինչը չի համապատասխանում երկրի շահերին։

«Հայաստանը չի ցանկանում միանգամից խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը երևում է գործող կառավարության քաղաքականությունից․ ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցված է, սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալ չի իրականացվում։ Հայտարարված է ԵՄ-ին անդամակցելու նպատակ, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության հարցը հետաձգված է «հետոյի»։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազային՝ որոշումը հետաձգվել է։ Սա նշանակում է ռիսկերի հեջավորում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես ապահովագրական գործիք օգտագործելով՝ միաժամանակ ընթանալով Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների հետ մերձեցման ուղով։ Ռուսաստանին նման ստատուս-քվոն չի բավարարում։

Հայաստանը փաստացի շարժվում է մոլդովական կամ ուկրաինական սցենարով՝ միանալ այն կառույցներին, որոնք պատերազմում են Ռուսաստանի դեմ, և վերածվել այդ պատերազմի գործիքի։ Իմ կարծիքով՝ դա չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Եվրոպան, ԱՄՆ-ը և ամենամոտ հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, չեն տրամադրի անվտանգության որևէ երաշխիք։ Այդ պատճառով Ռուսաստանին որպես դաշնակից և անվտանգության երաշխավոր կորցնելը կարող է Հայաստանի համար ունենալ ճակատագրական հետևանքներ»,- նշել է փորձագետը։