Լոս Անջելեսում հայկական ժառանգությանը նվիրված միջոցառմանը մեծարել են Գարի Չիվիչյանին

08 Ապրիլի 2026, 23:15

Սպորտ

Լոս Անջելեսում «Armenian Heritage Night»-ի շրջանակում մեծարել են ամերիկահայ բասկետբոլիստ Գարի Չիվիչյանին։ Միջոցառումն անցկացվել է «Intuit Dome» մարզահամալիրում՝ «Լոս Անջելես Քլիպերս»-«Դալաս Մավերիկս» խաղից առաջ։ Այն հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ։

Գարին, որը հայտնի է «Հայ դիպուկահար» մականունով, համարվում է իր ուսանողական թիմի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը և դարձել է առաջին հայը, որը առաջադրվել է ESPN-ի հեռուստաալիքի հեղինակավոր ESPYS մրցանակին։ Նա մասնակցել է 2025 թվականի NBA ամառային լիգային «Միլուոկի Բաքս» թիմի կազմում և սկսել է իր անվանական մարզշապիկների վաճառքը NBA Store-ի պաշտոնական խանութում։

Գարին ծնվել է Կալիֆոռնիայում՝ ձյուդոյի ու խառը մարտարվեստների հեղինակավոր մասնագետներից Գոքոր Չիվիչյանի ընտանիքում։ Սկզբում Գարին իրեն փորձել է խառը մարտարվեստներում, բայց հետո սկսել է զբաղվել բասկետբոլով։