Վաշինգտոնը մտահոգված էր Ղարաբաղի մասին տեղեկատվության՝ հայկական լրատվամիջոցներով տարածմամբ․ USAID-ի արխիվներ
29 Նոյեմբերի 2026, 12:20
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բրիտանական «Գլոբալ ապատեղեկատվության ինդեքս» (GDI) ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ մշակել է հետխորհրդային տարածքում գործող մի շարք լրատվամիջոցների ֆինանսական եկամուտները կրճատելու և դրանք արգելափակելու մեխանիզմներ։ Տեղեկատվական դաշտի «մաքրման» առաջնահերթ երկրների ցանկում ընդգրկվել են նաև Հայաստանն ու Մոլդովան։ Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 1 ԳԲ ծավալով ներքին արխիվը։ Այդ փաստաթղթերի հրապարակման մասին նոյեմբերի 24-25-ին հայտարարել են ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները։
Հրապարակված աշխատանքային նամակագրությունից պարզ է դառնում, որ 2022 թվականի հուլիսին USAID-ի ադմինիստրատորի օգնականի տեղակալ Ջոնի Ուոլշը GDI-ի հիմնադիրներ Դենի Ռոջերսին և Քլեր Մելֆորդին է ուղարկել 10 երկրների ցանկ, որոնք «ապատեղեկատվության» դեմ պայքարի տեսանկյունից առավել մեծ հետաքրքրություն էին ներկայացնում։ Ցանկում ներառված էին Հայաստանը, Մոլդովան, Զամբիան, Մալավին, Տանզանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Հոնդուրասը, Նեպալն ու Մալդիվները։
Նույն տարվա օգոստոսին բրիտանական ՀԿ-ն առաջարկել է Հայաստանում, Մոլդովայում և Զամբիայում իրականացնել լրատվական շուկաների փորձնական ուսումնասիրություն՝ բացահայտելու «ապատեղեկատվության տարածման բարձր ռիսկ ունեցող» լրատվամիջոցները և դրանց նկատմամբ կիրառելու տնտեսական ու թվային ճնշման գործիքներ։ Մասնավորապես նախատեսվում էր այդ լրատվամիջոցներին զրկել գովազդային եկամուտներից, իջեցնել դրանց դիրքերը որոնողական համակարգերում և լրահոսերում, իսկ առավել ակտիվ հարթակները՝ ամբողջությամբ արգելափակել։
GDI-ի փաստաթղթերում նշվում էր, որ Մոլդովայում գործում են լրատվամիջոցներ, որոնց տարածած թեզերը, ըստ կազմակերպության գնահատականի, կարող են «երկիրը շեղել արևմտյան ուղուց և ուղղել դեպի Ռուսաստան»։ Հայաստանի դեպքում մտահոգություն էր արտահայտվել ռուսական տեղեկատվական դաշտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «ապատեղեկատվության» արագ տարածման կապակցությամբ։
Նշենք, որ արտահոսած փաստաթղթերում թիրախավորված լրատվամիջոցների կոնկրետ անվանացանկ ներկայացված չէ։
New York Post-ի տվյալներով՝ GDI-ն ֆինանսավորում է ստացել ԱՄՆ Պետդեպարտամենտից (այդ թվում՝ 100 հազար դոլարի դրամաշնորհ), ինչպես նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամից (NED)։ Այնուամենայնիվ, արխիվների հրապարակումից հետո GDI-ի ներկայացուցիչը Newsweek-ին հայտնել է, որ առաջարկված փորձնական նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվել։
Հավելենք, որ ավելի վաղ RT-ն՝ նույն փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, հայտնել էր նաև, որ USAID-ում քննարկվել է Google որոնողական համակարգում ռուսամետ լրատվամիջոցների վարկանիշներն արհեստականորեն նվազեցնելու հնարավորությունը։