Շուրջօրյա նստացույց՝ Բըրբանքում
09 Օգոստոսի 2023, 13:04
Երրորդ օրն է՝ Լոս Անջելեսի հայերը չեն հեռանում Բրբանք քաղաքում գտնվող կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտից։ Արցախի խնդրով մտահոգված` նրանք բողոքի ակցիա են իրականացնում։ Ներկաները փորձում են կոնգրեսականի ուշադրությունը հրավիրել առկա ճգնաժամի վրա։
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը AlphaNews-ի հետ զրույցում նշեց, որ հաջողության հասնում են նրանք, ովքեր պայքարում են։
Ակցիայի մասնակիցները պահանջում են Ադամ Շիֆից մեկնել Արցախ, ծանոթանալ իրավիճակին և ԱՄՆ Կոնգրեսում բարձրացնել Արցախում առկա հումանիտար ճգնաժամի և 120.000 հայերին սպառնացող վտանգի հարցը։ Առայժմ Շիֆը միայն աջակցության նամակ է փոխանցել, ինչն ակցիայի կազմակերպիչներին չի գոհացնում։
Ակցիայի մասնակիցները իրենց մտահոգությունն ու բողոքն են հայտնում 21-րդ դարում տեղի է ունեցող աղաղակող անարդարությանը։ Հավաքի կազմակերպիչներից Դավիթ Մնացականյանը կոչ արեց Լոս Անջելեսի հայերին՝ միանալ պայքարին, քանի որ առօրյա հոգսերն ու զվարճանքն առ ոչինչ են, երբ հայրենիքը վտանգի մեջ է։ Ակցիայի մասնակիցների շարքերն օրեցօր ստվարանում են։ Ներկաները հույս ունեն, որ հզոր երկրներն ու միջազգային կառույցները վերջապես գործուն քայլեր կձեռնարկեն՝ արցախցիներին փրկելու և Արցախը հայկական պահելու համար։