Պարբերական աղյուսակը փոխած գիտնականը․ Յուրի Հովհաննիսյան

14 Ապրիլի 2026, 23:27

Հայեր

1933 թվականի ապրիլի 14-ին Դոնի Ռոստով քաղաքում, հայ մտավորական ընտանիքում, ծնվել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը։ 1939 թվականին նրա հայրը աշխատանքի է անցել Երևանում, և ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, որտեղ ապագա գիտնականն անցկացրել է իր մանկությունը։

Նրա գիտական ուղին սկսվել է ճշգրիտ գիտությունների հանդեպ հետաքրքրությունից։ Երևանում դպրոցն ավարտելուց հետո Հովհաննիսյանն ընդունվել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը, որն ավարտել է 1956 թվականին։ Իր գիտական գործունեությունը սկսել է Դուբնայում գործող ԽՍՀՄ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ՝ աշխատելով Գեորգի Ֆլյորովի բաժանմունքում, որը դարձել է նրա գիտական ղեկավարը: Այստեղ Հովհաննիսյանն իր կյանքը նվիրել է ծանր միջուկների ուսումնասիրությանը և նոր տարրերի սինթեզին։

1970 թվականին պաշտպանել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1990 թվականին դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 2003 թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Նրա գիտական աշխատանքի գլխավոր ուղղությունը գերծանր տարրերի սինթեզն էր։

Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիան Միավորված միջուկային հետազոտությունների ինստիտուտում, ինչպես նաև «Դուբնա» համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնը։ Նրա աշխատանքներն իրականացվել են միջազգային համագործակցության շրջանակում՝ ներառյալ ամերիկյան լաբորատորիաների հետ համատեղ նախագծերը։ Գիտնականը մեծ ներդրում է ունեցել միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ՝ ընդլայնելով Մենդելեևի պարբերական աղյուսակի սահմանները։ Գիտնականի ղեկավարությամբ հայտնաբերել են Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրեր՝ ներառյալ 114-րդը (Ֆլերովիում), 115-րդը (Մոսկովիում), 116-րդը (Լիվերմորիում) և 118-րդը՝ «Օգանեսոն»։ Սա բացառիկ դեպք է, երբ քիմիական տարրն անվանվել է կենդանի գիտնականի անունով։

Իր ձեռքբերումների համար նա արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի և միջազգային գիտական կազմակերպությունների մրցանակների։ Հայաստանում ևս նրա անունը դարձել է ազգային հպարտության խորհրդանիշ․ 2017 թվականին թողարկվել է ֆիզիկոսի դիմանկարով նամականիշ, որի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ քիմիական տարրը։

Յուրի Հովհաննիսյանն այն գիտնականներից է, որի բացահայտումները դարձել են համաշխարհային գիտական ժառանգության մաս։ Նրա անունը հավերժ կապված է Մենդելեևի պարբերական աղյուսակի հետ, իսկ նրա գիտական ուղին դարձել է նոր տարրերի հայտնաբերման պատմություն։