«Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» ֆիլմը հաղթող է ճանաչվել ԱՄՆ կինոփառատոնում
13 Հոկտեմբերի 2026, 16:00
«Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր, ռեժիսոր Բարեդ Մարոնյանի հեղինակած «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» լիամետրաժ վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ում անցկացվող Chagrin Documentary Film Festival (CDFF) կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ՝ սոցիալական խնդիրների մասին իրազեկվածության բարձրացման համար» (Best Social Awareness Documentary) անվանակարգում։
Ֆիլմը մանրամասն ներկայացնում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ 10-ամսյա շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին դրան հաջորդած ռազմական ներխուժումը, որոնց հետևանքով ավելի քան 120 հազար բնիկ հայեր բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։
Ֆիլմը Բարեդ Մարոնյանի՝ հայ ժողովրդի ճակատագրին նվիրված ծավալուն կինոեռագրության եզրափակիչ մասն է։ Ռեժիսորի նախորդ երկու ֆիլմերը՝ «Ցեղասպանության որբերը» և «1915 թվականի կանայք», մեծ միջազգային հաջողություն են ունեցել և հեռարձակվել ամերիկյան PBS հեռուստաալիքով։
Chagrin Documentary Film Festival հեղինակավոր միջազգային կինոփառատոնն անցկացվել է հոկտեմբերի 6-11-ը՝ ԱՄՆ Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։