Ակնկալում ենք սպառիչ գործողություններ, այլ ոչ թե կոչեր. ակցիայի մասնակից

12 Մայիսի 2023, 15:45

Կարծիք | Հայեր

Մենք այստեղ աջակցում ենք Արցախում ստորագրահավաք անցկացնողներին այն ակնկալիքներով, որ աշխարհը գոնե կնկատի մեզ, թույլ չի տա սադրիչին՝ շարունակել իր ոչ արդար գործողությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամներից Գայանե Հարությունյանը:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահավաքի նախաձեռնող խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնում Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին եւ ՀՀ կառավարությանը։

«Քանի որ մեր Արցախի երիտասարդները ֆիզիկապես ի վիճակի չեն իրենց սկսած գործն ավարտել, մենք այստեղ օգնում ենք նրանց: Եթե մենք նորից չստանանք պատասխան մեր հավաքած ստորագրություններին ու պահանջներին, ապա համապատասխան պատասխանը կստանան»,- նշել է նախաձեռնության անդամը:

Արցախցի Տիգրան Միքայելյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր ընտանիքի անդամներն Արցախում են, իսկ ինքը մնացել է Հայաստանում:

«Քանի որ արցախցիները ֆիզիկապես հնարավորություն չունեն իրենք հանձնելու ստորագրությունները, այսօր մենք ենք հանձնում շահագրգիռ մարմիններին՝ ակնկալելով նրանցից սպառիչ գործողություններ, այլ ոչ թե կոչեր:

Արցախում պահվող 120 հազար հայ բախվում է նույն խնդիրներին, կլինի դեղորայքի, էլեկտրաէներգիայի, սննդի հետ կապված, բայց հիմա ավելի կարեւորն անվտանգային հարցերն են»: