Արշավիր Շիրակյան․ «Նեմեսիս»-ի առանցքային դեմքերից մեկը

22 Ապրիլի 2026, 22:40

Հայեր

Արշավիր Շիրակյանը «Նեմեսիս» գործողության ամենահայտնի մասնակիցներից էր, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, գրող և հասարակական գործիչ։ Նրա անունը հավերժ կապված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ ուղղված վրեժխնդրության գործողությունների հետ։

Արշավիր Շիրակյանը ծնվել է 1900 թվականին Կոստանդնուպոլսում (Ստամբուլ)՝ հայկական ընտանիքում։ Վաղ տարիքից նա ականատես է եղել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններին, որոնք էլ կանխորոշել են նրա կյանքի ուղին։ Երիտասարդ տարիքում նա միացել է Դաշնակցության շարքերին, որտեղ դրսևորել է իրեն որպես վճռական և գաղափարին նվիրված պայքարող։

Շիրակյանը դարձել է գաղտնի «Նեմեսիս» գործողության հիմնական անդամներից մեկը, որի նպատակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդար հատուցումն էր։ Նրա հաշվեհարդարի առաջին գործողությունը տեղի է ունեցել 1920 թվականի մարտին, երբ Կ.Պոլսում նա պատժել է դավաճան Վահե Իհսանին (Եսայան), որը կազմել էր 1915 թվականին ձերբակալված հայ մտավորականների ցուցակները:

1921 թվականին Հռոմում Շիրակյանը սպանել է Օսմանյան կայսրության նախկին մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշային՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին։ 1922 թվականին Բեռլինում նա և Արամ Երկանյանը փորձել են սպանել Բեհաեդդին Շաքիրին և Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիին, որոնք ևս անմիջականորեն կապված էին զանգվածային կոտորածների հետ։ Այս գործողությունները հայ ժողովրդի կողմից ընկալվել է որպես պատմական արդարության վերականգնում։

Իր առաքելությունն ավարտելուց հետո Շիրակյանը գաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է ակտիվ հասարակական գործունեությունը։

Արշավիր Շիրակյանը մահացել է 1973 թվականի ապրիլի 12-ին Էնգլվուդում (ԱՄՆ) և թաղվել Հաքենսաքի գերեզմանատանը։

Հիմա եթերում