ԱՄՆ-ը պետք է զբաղվի Զելենսկիով, եթե ցանկանում է առաջընթաց․ Սերգեյ Ստանկևիչ

Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները։

Փորձագետի կարծիքով՝ Թրամփը չունի ռազմավարական կենտրոնացվածություն, ուստի անհրաժեշտ է շարունակական երկխոսություն։

«Պարբերական երկխոսության պահպանումն ինքնին կարևոր է, որովհետև Թրամփը չունի այնպիսի հատկանիշ, ինչպիսին ռազմավարական կենտրոնացվածությունն է, որը ձևավորում է վարքագծի հստակ գիծ։ Թրամփը իմպուլսիվ մարդ է, ինտուիտիվ և իմպրովիզատոր, ուստի հարաբերություններում որոշակի գիծ պահպանելու համար պետք է պարբերաբար շփվել և ձևավորել պայմանավորվածությունների շղթա։ Ինչն էլ, ըստ էության, անում է Ռուսաստանի նախագահը»,- նշել է Ստանկևիչը։

Քաղաքագետի խոսքով՝ Զելենսկու վրա ազդելու ունակություն հենց Թրամփն ունի։

«Միացյալ Նահանգները եթե ցանկանում է արդյունքի հասնել ուկրաինական ուղղությամբ, պետք է անձամբ զբաղվի Վլադիմիր Զելենսկով։ Որոշ նշաններից դատելով՝ նրանք դա անում են, քանի որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հակակոռուպցիոն մարմինները Ուկրաինայում սկսել են հրապարակել գաղտնալսումների նոր շարքլ, որոնք իբր բացահայտում են Զելենսկուն և նրա շրջապատին կոռուպցիոն հանցագործությունների մեջ»,- ասել է նա։

Փորձագետի կարծիքով՝ նման գործընթացները հնարավոր են միայն Միացյալ Նահանգների անմիջական հովանավորության պայմաններում։

«Եվ եթե դա տեղի է ունենում, նշանակում է՝ Զելենսկու վրա ճնշում գործադրելու կամ նրան քաղաքականությունից հեռացնելու խնդիրը Վաշինգտոնում արդեն դրված է օրակարգում։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ երկխոսությունն իսկապես բովանդակալից է եղել, և մնում է սպասել դրա շարունակությանը»,- եզրափակել է Ստանկևիչը։