ԱՄՆ-ն և Իրանը շահագրգռված են հրադադարի շարունակմամբ․ Իրինա Ֆյոդորովա

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Միջին և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության կնքման հեռանկարները։

Փորձագետի կարծիքով՝ ներկայում Վաշինգտոնի և Թեհրանի դիրքորոշումները մնում են հակադիր։

«Կարծում եմ՝ այս պահին ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները բավականին հակադիր են, ուստի դժվար է ասել, թե ինչ զիջումների կարող է գնալ Իրանը։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ նրա տնտեսական վիճակը շատ ծանր է, և, իհարկե, պատերազմը կտրուկ ազդեցություն է ունեցել իրանական ռիալի փոխարժեքի հետագա անկման վրա, որն արդեն իսկ նվազում էր, ինչպես նաև գործազրկության մակարդակի վրա, քանի որ շատերը կորցրել են աշխատանքը՝ կարևոր ենթակառուցվածքային և քաղաքացիական օբյեկտների հարվածների հետևանքով։ Սա ստեղծում է շատ լուրջ ճնշում երկրի կառավարության վրա, որը ստիպված է հաշվի առնել այն ծանր վիճակը, որում հայտնվել է Իրանի ժողովուրդը։

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն նույնպես հեշտ ներքաղաքական իրավիճակում չէ, քանի որ դեմոկրատները զգալի ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահի և Հանրապետական կուսակցության վրա։ Այդ պատճառով, ելնելով այս նախադրյալներից, կողմերն, իհարկե, շահագրգռված են իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է Ֆյոդորովան։

Արևելագետի խոսքով՝ բանակցային գործընթացը լինելու է երկար և չափազանց բարդ։

«Պահանջները, որոնք ներկայացնում է Իրանը, բավականին արմատական են և մեծ մասամբ հակասում են այն ամենին, ինչին այս պահին պատրաստ են գնալ ԱՄՆ-ում։ Ուստի, ցանկացած դեպքում բանակցային գործընթացը կշարունակվի, քանի որ կողմերը հիմա շահագրգռված են ռազմական գործողությունների դադարեցմամբ, որոնք ԱՄՆ-ի համար նույնպես իրականում որևէ շոշափելի արդյունք չեն տվել։ Սակայն, մյուս կողմից, այս գործընթացը կարող է լինել շատ բարդ և կբարդանա նաև Իրանի ներքաղաքական իրավիճակով՝ նկատի ունեմ իրանական էլիտայի ներսում առկա որոշ հակասությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- եզրափակել է Ֆյոդորովան։

Հիմա եթերում