Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայկական զենք է արտահանվել. Մխիթար Հայրապետյան

19 Մայիսի 2026, 20:50

Քաղաքականություն

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել: Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«Մի քանի տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Վերջին ամիսներին տարբեր առիթներով, իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։

Եվ ահա այժմ ուզում եմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ ձեզ հայտնել, որ հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ խնդիրների, լոգիստիկ դժվարությունների միջով անցնելով՝ հայկական ընկերություննները կարողացել են հասնել նպատակային կետի։

Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից  մեկը։ Ահա հենց սա էր պատճառը, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրում է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ուզում եմ հիշեցնել, որ սա ընդամենը մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է»,- հայտարարել է Հայրապետյանը։