Մեծ խնդիրներ կլինեն․ Դմիտրի Սոլոննիկովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
22 Մայիսի 2026, 21:45
Քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու հետ, ինչպես նաև վերլուծել է այդ քայլերի հնարավոր հետևանքները։
«Գալուզինի հայտարարությունը հնչել է Ռուսաստանի ընդհանուր քաղաքականության և ռազմավարության շրջանակում, որը բազմիցս ներկայացվել է բարձր մակարդակով, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Իրոք, անհնար է միաժամանակ գտնվել ԵԱՏՄ տնտեսական գոտում, ստանալ այստեղի արտոնությունները և միաժամանակ անդամակցել Եվրամիությանն՝ օգտվելով նաև այնտեղի արտոնություններից․ պետք է ընտրություն կատարել»,- ընդգծել է նա։
Քաղաքագետը կանխատեսում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացում ԵԱՏՄ-ից հեռանալու և ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում։
«Խնդիրներ կլինեն գյուղատնտեսության, ապրանքների և ծառայությունների արտադրության ոլորտում, կփակվի ռուսական շուկան, չեն լինի Ռուսաստանից դրամական փոխանցումներ, չեն լինի ռուս զբոսաշրջիկներ։ Կլինեն մեծ խնդիրներ, դրանում կասկած չկա»,- նշել է Սոլոննիկովը։