Ռուսաստանը խստացնում է վերահսկողությունը միգրանտների նկատմամբ

29 Մայիսի 2026, 11:44

Քաղաքականություն

ՌԴ Պետդուման ընդունել է մի շարք դաշնային օրենքներ, որոնք ուղղված են միգրանտների նկատմամբ վերահսկողության խստացմանը։

Ներկայումս օտարերկրյա քաղաքացիները ՌԴ մուտք գործելիս պարտավոր են անցնել բժշկական զննություն՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների առկայությունը պարզելու նպատակով։

Ընդունված որոշումներով բժշկական զննություն անցնելու պարտադիր ժամկետը բոլոր այն միգրանտների համար, որոնք երկիր են ժամանել երեք ամսից ավելի ժամկետով, կրճատվում է՝ 90 օրից դառնալով 30 օր։

Բժշկական կազմակերպությունները պարտավորվում են 24 ժամվա ընթացքում տեղեկատվություն փոխանցել՝

— ՌԴ ՆԳՆ՝ տրված եզրակացությունների մասին,

— «Ռոսպոտրեբնադզոր»՝ միգրանտի մոտ վարակիչ հիվանդության հայտնաբերման մասին։

Այդ դեպքում միգրանտն օպերատիվ կերպով կարտաքսվի երկրից։

Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն օտարերկրյա քաղաքացիների կողմից բժշկական զննությունից խուսափելու համար։ Այս իրավախախտման համար տուգանքը կկազմի մինչև 50 հազար ռուբլի՝ դատարանի որոշմամբ երկրից արտաքսելու հնարավորությամբ։

Սահմանվում է նաև խստացված քրեական պատասխանատվություն՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բացակայության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերի կեղծման և շրջանառության համար։

Նման հանցագործության կատարումը կպատժվի մինչև 8 տարվա ազատազրկմամբ և մինչև 3 միլիոն ռուբլի տուգանքով։