Հայաստանը Եվրամիությունում կկորցնի իր ինքնությունը, ինչպես կորցրեց կոնյակը․ Վոլոդին

03 Հունիսի 2026, 12:10

Քաղաքականություն

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու դեպքում կարող է կորցնել իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանումը տալու իրավունքը։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրամիությունում Հայաստանին խոստանում են տնտեսական աճ, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։ Սակայն, նրա խոսքով, ուկրաինական արտադրանքն այդպես էլ չկարողացավ մուտք գործել եվրոպական շուկաներ, քանի որ այն «անմրցունակ» էր։

«Իսկ ի՞նչ է վաճառելու Հայաստանը։ Գինին նրանք վաճառում են մեզ։ Եկավ Մակրոնը, գրկախառնվեցին Փաշինյանի հետ, թող պայմանագիր կնքեն և գինի մատակարարեն Ֆրանսիա։ Բայց ոչ։ Նույնիսկ կոնյակն արդեն դարձել է բրենդի, որովհետև ֆրանսիացիներն ասացին՝ դա կոնյակ չէ, այլ բրենդի։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, ինչպես այն կորցրեցին Ուկրաինայում»,- հայտարարել է Վոլոդինը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պետք է տարբերակել հայ ժողովրդին և «իշխող վերնախավին», քանի որ, նրա գնահատմամբ, հենց իշխանություններն են «երկիրը տանում դեպի անդունդ»։

Վոլոդինը նաև նշել է, որ Ռուսաստանն աջակցում է թե՛ Հայաստանին, թե՛ հայ ժողովրդին, սակայն դեմ է հարաբերություններում «ստին, երկակի չափանիշներին»։

«Մենք միայն ազնիվ, բաց հարաբերությունների և, իհարկե, փոխշահավետ համագործակցության կողմնակից ենք։ Բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է», — եզրափակել է Պետդումայի նախագահը։