Ընտրություններում արձանագրված խախտումները կասկածի տակ են դնում ողջ գործընթացի լեգիտիմությունը․ Իվետա Տոնոյան
14 Հունիսի 2026, 18:37
«Հույս ունենք, որ Վահագն Հովակիմյանը և նրա ղեկավարած կառույցը կլսեն այն բոլոր կոչերը, որոնք վերջին օրերին հնչել են ընդդիմադիր ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից»․ բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Խնդիրն այն է, որ այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործընթացը լրջորեն կասկածի տակ է դնում ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Մեր նպատակը մեկն է՝ վերականգնել արդարությունը, քանի որ արդյունքների անվավեր ճանաչումն ուղղակի վիրավորանք է մեր քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ», — ընդգծել է նա՝ հավելելով, որ խոսքը որևէ առանձին կուսակցության շահի մասին չէ։
Տոնոյանի խոսքով՝ այսօր ԿԸՀ է ներկայացվել հայց, որով վիճարկվում է ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բառապաշարին և հռետորաբանությանը, ապա ես արդեն առիթ ունեցել եմ ասել՝ եթե մենք չենք պատասխանում նրա ոճով, դա դեռ չի նշանակում, որ չենք կարող պատասխանել։ Այստեղ հարցը դաստիարակության և անցած ճանապարհի մեջ է։ Մեր արձագանքի կոշտության աստիճանը թողնում եմ Նիկոլ Փաշինյանի երևակայությանը», — հավելել է նա։