«Այսօր ԿԸՀ-ի դիմաց լուծվում է ոչ թե ԲՀԿ-ի, այլ Հայաստանի հարցը». Արման Աբովյան

14 Հունիսի 2026, 19:12

Քաղաքականություն

ԿԸՀ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքների ամփոփման այս փուլում լուծվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլ ողջ Հայաստանի հարցը։

«Մեր բերանները փորձում են փակել, մեզ վիրավորում են, բայց մենք հայ ենք և Հայաստանը չենք դավաճանի»,- հայտարարեց Աբովյանը։

Անդրադառնալով իշխանության ճնշումներին ու վարչական ռեսուրսի կիրառմանը՝ նա շեշտեց, որ այն քաղաքացիները, ում աշխատանքից հեռացնելու սպառնալիքով ու ստորացնելով տարել են ընտրատարածքներ, թշնամիներ չեն, այլ այս իշխանության ձեռքում պատանդ ընկած մարդիկ։ Ըստ բանախոսի՝ իշխանությունը սպառնալիքներով ու բանտերը լցնելով իրավիճակը հասցնում է աբսուրդի, որպեսզի Հայաստանը մնա անպաշտպան արտաքին սպառնալիքների դեմ։

Արման Աբովյանը հավելեց, որ իրենց պայքարը մանդատների, կաբինետների կամ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար չէ, այլ հայի իրավունքը թույլ չտալու համար. «Չի կարելի թույլ տալ, որ սրանք գողանան հայի իրավունքը»։

ԲՀԿ-ական գործիչը խիստ քննադատության ենթարկեց իշխանությունների որդեգրած պառակտման քաղաքականությունը.
«Մեզ փորձում են խաբել ու կիսել։ Հիշո՞ւմ եք՝ արցախահայությանն էին առանձնացնում հասարակությունից ու սարքում թշնամի, հետո սփյուռքի հայերին, հիմա Ռուսաստանի, մինչ այդ էլ Ֆրանսիայի հայերին են առանձնացնում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում։ Այն մարդիկ, ովքեր փորձում են մեզ տարանջատել ըստ ծննդավայրի, ուղղակիորեն հայ ժողովրդի և Հայաստանի թշնամիներն են»։

Ելույթի վերջում Աբովյանը վերահաստատեց, որ ԿԸՀ շենքի դիմաց այսօր որոշվում է ոչ թե զուտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնել-չանցնելու, այլ հայկական պետականության հարցը։

Հիմա եթերում