Նոր բացահայտումներ COVID-19-ի ծագման շուրջ․ գաղտնազերծված փաստաթղթերը հարցեր են առաջացնում

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի կողմից մի շարք փաստաթղթերի գաղտնազերծումը նոր թափ է հաղորդել կորոնավիրուսի (COVID-19) ծագման և դրա շուրջ ձևավորված համաշխարհային գործընթացների վերաբերյալ քննարկումներին։ Հրապարակված նյութերը նոր հարցադրումներ են առաջացրել ԱՄՆ առողջապահական համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Էնթոնի Ֆաուչիի գործունեության վերաբերյալ:

Ըստ հրապարակված նյութերի՝ Էնթոնի Ֆաուչին կարող է առնչություն ունենալ Չինաստանի Վուհան քաղաքի լաբորատորիայում իրականացված վտանգավոր փորձարկումների ֆինանսավորման մեջ: Խոսքը «Gain of Function» կոչվող հետազոտությունների մասին է, որոնց շրջանակում գիտնականները փոփոխում կամ ուժեղացնում են վիրուսների որոշ հատկություններ՝ դրանց հնարավոր զարգացման և մուտացիաների մեխանիզմներն ավելի լավ հասկանալու նպատակով:

Թեմային անդրադարձել է Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը։ Նա նշել է, որ թեև ամերիկյան հարկատուների գումարներով նման վտանգավոր հետազոտությունների ուղիղ ֆինանսավորումն արգելված էր, գործընթացն իրականացվել է շրջանցիկ ճանապարհով:

«Պարզվում է, որ այդ ֆինանսավորումն իրականացվել է ոչ թե ուղղակիորեն, այլ միջնորդավորված՝ «EcoHealth Alliance» կազմակերպության միջոցով։ Դրա շրջանակում ֆինանսավորվել են կորոնավիրուսի վերաբերյալ «Gain of Function» հետազոտություններ, որոնց նպատակն էր ուժեղացնել վիրուսի որոշ հատկություններ և փորձարկել կենդանիների, մասնավորապես՝ չղջիկների վրա»,- նշել է Արթուր Սահակյանը:

Նրա խոսքով՝ այսօր սենատոր Ռենդ Փոլը փորձում է իրավական մեխանիզմների միջոցով կրկին հարցաքննության կանչել Ֆաուչիին, սակայն վերջինս սկզբում համաձայնել է, իսկ հետո հրաժարվել է ներկայանալ: Իրավիճակն էլ ավելի խորհրդավոր է դարձել նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից Ֆաուչիին տրված անսպասելի ներման ֆոնին:

«Ջո Բայդենի նախագահության օրոք՝ 2024 թվականի հունվարին, ներում է շնորհվել Էնթոնի Ֆաուչիին: Թեև նրա դեմ որևէ քրեական գործ կամ մեղադրանք չկար, ներումը շնորհվել է հետագա հնարավոր քրեական հետապնդումներից խուսափելու նպատակով։ Ընդ որում՝ դա արվել է համակարգչային ստորագրության միջոցով: Այդպիսի բազմաթիվ ներումներ են շնորհվել, այդ թվում՝ Բայդենն ինքն իրեն և իր որդուն»,- հայտնել է Արթուր Սահակյանը: