Շուրջ 10,900 մարդ Արցախում նախնական հաշվարկներով շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է
12 Մայիսի 2023, 22:16
Արցախում նախնական հաշվարկներով շրջափակման հետևանքով աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 10,900 մարդ: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ մայիսի 11-ին հրապարակած արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակում՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ:
«Շրջափակման ողջ ընթացքում 860 տնտեսվարող սուբյեկտ կամ ընդհանուր թվի 20.1 տոկոսը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը՝ 1,274աշխատակցի դարձնելով գործազուրկ, իսկ 505 տնտեսվարող սուբյեկտ կամ նրանց 11.8 տոկոսը, շարունակելով գործունեությունը, ստիպված աշխատանքից ազատել է 2,908 աշխատակցի:
Պետական լրացուցիչ աջակցության շնորհիվ 2,154տնտեսվարող սուբյեկտ պահպանում է 6,031 աշխատատեղ, որոնքգերազանցապես կկրճատվեին, եթե չլինեին շրջափակմամբ պայմանավորված պետական աջակցության ծրագրերը:
Թեև ընկերությունների գերակշիռ մասը արտադրությունում, շինարարությունում, գյուղատնտեսությունում և առևտրում կա՛մ ամբողջովին, կա՛մ մեծ չափով փաստացի չեն կարողանում գործել անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինության և էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խնդիրներով պայմանավորված, սակայն նրանց մի մասը նաև պետական աջակցությամբ դեռևս պահպանում է աշխատակիցներին:
Այնուամենայնիվ, ճգնաժամի խորացմանը զուգահեռ արագորեն աճում է գործունեությունը կասեցնող ընկերությունների և փաստացի գործազուրկների թիվը:
Հաշվի առնելով աշխատանքից ազատելու պաշտոնական դեպքերը, ինքնազբաղված անձանց և ստվերային աշխատատեղերի փաստացի կրճատման դեպքերի վերլուծությունը՝ շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով 2022թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է:
Գազամատակարարման բացակայությամբ և էներգակիրների սղությամբ պայմանավորված տրանսպորտի ոլորտում աշխատող անձինք (տաքսի ծառայություններ մատուցող, բեռնափոխադրումներ իրականացնող և այլն), բախվելով վառելիք հայթայթելու խնդրին, զրկվել են կայուն եկամուտից»,- ասված է արտահերթ զեկույցում։